Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, այս տարվա մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 9.9%՝ նախորդ տարվա մայիսի համեմատ։ ԱՎԾ-ի նախնական հրապարակումը հնարավորություն չի տալիս այս տարվա առաջին 5 ամիսները համեմատել նախորդի հետ։ Սակայն նախորդ ամիսների վիճակագրության վրա հիմնվելով՝ կարելի է ենթադրել, որ հունվար-մայիս ժամանակահատվածի տնտեսական ակտիվության ցուցանիշը 3.5-4%-ի միջակայքում է գտնվելու։ Հիշեցնենք, որ բյուջեով նախատեսված է 4.6% տնտեսական աճ։ Բացի շինարարության ոլորտից, որը նախորդ տարվա մայիսի համեմատ անկում է ապրել 5.1%-ով, մնացած ոլորտները մայիս ամիսը փակել են աճով։ Ամենից շատ աշխուժացել է արդյունաբերությունը, որտեղ աճը կազմել է 25%։ Արտաքին առեւտրի ոլորտում, չնայած այն հանգամանքին, որ արտահանման աճը գերազանցել է ներմուծմանը, բացասական հաշվեկշիռը շարունակում է մեծանալ եւ առաջին հինգ ամիսների ընթացքում արդեն կազմում է 1 մլրդ 82 մլն դոլար։