Մեր տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ամեն ինչ անում է, որպեսզի Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակվի իր որդին` պատգամավոր Արման Սահակյանը: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանը: Հավելենք, որ եթե Գ. Սահակյանին հաջողվի իր տղային «տեղավորել» այդ պաշտոնում, ապա նա միանգամից կլուծի նաեւ հաջորդ գումարման ԱԺ-ում իր մանդատի հարցը: Բանն այն է, որ իշխանությունները Գ. Սահակյանին հասկացրել են, որ Սահակյաններից միայն մեկին է հնարավորություն տրվելու մտնել խորհրդարան: Ինչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում, Ա. Սահակյանը այդ խոսակցությունից հետո սկսել էր տարբեր տեղերում հայտարարել, թե ինքը չի ցանկանում այլեւս դառնալ պատգամավոր, եւ, որ իր «տեղը» գործադիրում է: Հիշեցնենք, որ Գ. Սահակյանի մյուս որդին` Տիգրան Սահակյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալն է: