Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անցած շաբաթ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ կապված «մինչեւ Կազան գնալն անպայման մեր ժողովրդին ինչ-որ մի բան պետք է ասի»: Նրա խոսքով` ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի պատմության ընթացքում նման իրավիճակ չի ստեղծվել, «երբ բոլորը ասում են, որ ամեն ինչ պատրաստ է` կարող են ստորագրել»: Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Կազանում ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում տեղի է ունենալու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական եռակողմ հանդիպումը: Մինչ այդ հանդիպումը հայտարարություններ եղան, թե Կազանում կողմերին ներկայացվելու է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակը, եւ եթե պահպանվի վերջին շրջանում ԼՂ հարցում գրանցված դրական միտումը, ապա կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվել: Իսկ դրանից առաջ Դովիլում հայտարարություն էին տարածել Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները, համաձայն որի` ԼՂ հարցի կարգավորման «հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը` հասնելու համաձայնության»: Այդպիսով սպասումների առումով Կազանը կարծես թե առանձնանում է նախորդ հանդիպումներից: Եվ իսկապես, արդյո՞ք սա այն պահը չէ, երբ Ս.Սարգսյանը պետք է որեւէ մեկնաբանությամբ կամ ուղերձով հանդես գա: ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի կարծիքով` Ս.Սարգսյանը թե հայ-թուրքական, թե ՀՀ-ի համար կարեւորագույն հարցերի հետ կապված միշտ մեկնաբանություններ, քննարկումներ կամ ուղերձներ ունեցել է: Ուստի նա Վ.Օսկանյանին խորհուրդ տվեց «հետեւել» գոնե լրատվությանը: Նաեւ ավելացրեց, որ եթե Կազանում տեղի ունենալիք այդ հանդիպման ժամանակ որեւէ լուրջ իրադարձություն սպասվեր, ապա Ս.Սարգսյանն այդ մասին նույնպես կխոսեր: «Ընդունելի չէ այն, որ Վ.Օսկանյանը հիմք ընդունի ադրբեջանական մամուլը կամ ադրբեջանական քաղաքական գործիչների հայտարարությունները եւ ասի, թե ինչո՞ւ մեր երկրի նախագահն էլ հայտարարություններ չի անում»,- ասում է Հ.Սահակյանը:
Պատգամավորը Վ.Օսկանյանի մեկնաբանություններից հասկացել է, որ նախկին արտգործնախարարը ցանկացել է ԼՂՀ հակամարտության կարգավորումը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ: «Թե նախագահը, թե միջազգային հանրության ցանկացած սուբյեկտ կամ գործիչ բազմիցս հայտարարել են, որ պետք չէ կապել հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ հակամարտության հետ: Վ.Օսկանյանի խոսքում կապելու փորձը կար: Իմ մոտ տպավորություն է, թե թուրքական կամ ադրբեջանական որեւէ քաղաքական գործիչ էր խոսում: Եվ այստեղ չեմ կարող գոնե պատմական ակնարկ չանել եւ չհիշել 1999թ. Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոյի արած հայտարարությունը, որ եթե Վ.Օսկանյանը մեզ չճանապարհեր Թուրքիա, որպեսզի ԼՂ հակամարտության հետ կապված բանակցություններ վարեինք, ինքն էլ կարող էր զոհվել հոկտեմբերի 27-ին: Հետեւությունները թողնում եմ ընթերցողին: Երբ մենք ետ ենք գնում եւ հիշում ենք 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ կապված նրա հայտարարությունները, ապա նա հիմա ասում է, որ ինքը չճշտված տեղեկատվության հիման վրա է տվել իր հայտնի ասուլիսը: Այսինքն` դա իր գործելաոճն է, եւ այստեղ էլ չեմ կարծում, որ կարելի է որեւէ լուրջ ակնկալիքներ ունենալ Վ.Օսկանյանից: Միգուցե այս հարցազրո՞ւյցն էլ դասվում է այդ հայտարարությունների շարքին, եւ 1-2 տարի անց նորից կասի, թե Կազանի հանդիպման հետ կապված հայտարարություններս արել եմ չճշտված տեղեկությունների հիման վրա»,- ավելացնում է Հ.Սահակյանը: