Բեկում չի լինի

21/06/2011

«Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող երկարատեւ դիմակայությանը վերջ տալուն ուղղված խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում ծագել են առաջընթացի հույսեր, սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ պատերազմի վերսկսումը նույնպես հնարավոր է»,- այդ մասին գրել է «Al Arabiya»-ն: «Հունիսի 25-ին Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների նախօրեին լուրեր են շրջանառվում, որ ոխերիմ թշնամիները կարող են «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ համաձայնագիր ստորագրել. փոքր քայլ` հակամարտության կարգավորման երկար ճանապարհին: Սակայն հրադադարից 17 տարի անց դարձյալ լարվածություն է ստեղծվել. ղարաբաղյան ռազմաճակատի երկայնքով կանոնավոր փոխհրաձգություն է, իսկ Բաքուն բազմիցս սպառնացել է, որ բանակցությունների ձախողման դեպքում ուժով կվերանվաճի Ղարաբաղը: Պատասխանը համարժեք է. պատերազմի տարիներից Ղարաբաղը վերահսկող էթնիկ հայկական ուժերը եւ Երեւանում նրանց հովանավորները ահեղ պատժով են սպառնում, եթե Բաքուն դիմի ռազմական գործողությունների»,- գրում է «Al Arabiya»-ն: «Դա «սառեցված» հակամարտություն չէ, իրականում այնտեղ անբոց հակամարտություն է: Հռետորության այդ մակարդակը պատերազմը դարձնում է ավելի հավանական, եւ վտանգ կա, որ մի օր խոսքը գործ կդառնա»,- ասել է Վաշինգտոնում Կարնեգիի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը: «Սցենարը կարող է շատ բարդանալ. հարձակման թիրախ կարող են դառնալ էներգետիկ խողովակաշարերը, հավանական է փախստականների զանգվածային տեղաշարժ, հակամարտության մեջ կարող են ներքաշվել Թուրքիան ու Ռուսաստանը»,- հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան նախագծի տնօրեն Լորենս Շիթսը: Երկու երկրների պաշտոնատար անձինք հայտարարել են, որ այս ամիս կայանալիք բանակցություններից առաջ, փաստաթղթի վերաբերյալ ունեցած տարաձայնությունների հարցում դիրքորոշումները մոտեցել են, թեեւ միմյանց շարժառիթների մասին արտահայտվում են կասկածանքով: «Երկու կողմերից էլ ես լսել եմ չափազանց թշնամական հայտարարություններ եւ հորիզոնում որեւէ բեկում տեսնելու ոչ մի հիմք չեմ նկատում»,- ասել է Շիթսը: «Եթե, նույնիսկ, փաստաթուղթ ստորագրվի` խաղաղության համաձայնագրի ճանապարհին մնում են հսկայական խոչընդոտներ,- գրում է «Al Arabiya»-ն` ավելացնելով,- Բաքուն պնդում է, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մաս` լայն ինքնավարությամբ, իսկ Հայաստանն ասում է, որ Ղարաբաղը պետք է երբեք չվերադառնա Բաքվի վերահսկողության տակ»: ԵԱՀԿ միջնորդությամբ բանակցություններն առանց որեւէ առաջընթացի շարունակվում են 90-ականներից, եւ ինչպես ասել է Դե Վաալը, հիմնարար սկզբունքների մասին համաձայնագիրը կլինի «լուրջ խաղաղ գործընթացի մեջ մտնելու հսկայական պարտավորություն»: Սակայն նա զգուշացրել է, որ փաստաթուղթը չի նշանակի հակամարտության լուծում: «Կարեւոր է ընդգծել, որ դա միայն հիմք է, խաղաղության պայմանագրին հասնելու ճանապարհային քարտեզ, այլ ոչ թե վերջնական կարգավորում»,- ասել է փորձագետը: