Երեկ պաշտոնական վիճակագրությունը հայրենի իշխանություններին ոգեւորվելու հերթական առիթն է տվել։ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, այս տարվա մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 9.9%՝ նախորդ տարվա մայիսի համեմատ։
Կասկած չունենք, որ այս ցուցանիշը մեր պատասխանատու լրատվամիջոցներն ու փորձագետները ներկայացնելու են նույնքան հաճույքով, ինչպես դա անում էին մի քանի տարի առաջ, երբ մենք գրանցում էինք երկնիշ տնտեսական աճ։
Դա ինչ-որ տեղ հասկանալի է. 9.9%-ը գրեթե երկնիշ աճ է։ Սակայն, ինչպես կասեին ռուսները, «զագվոզդկան» այնտեղ է, որ այդ 9.9%-ը ընդամենն ամսական ցուցանիշ է, եւ դրանով շատ ոգեւորվել չարժե։ Ընդհանրապես, ընթացիկ ցուցանիշներից (լինեն դրանք ամսական թե եռամսյակային) ոգեւորվել չարժե, քանի որ` ըստ ժողովրդական ասացվածքի, ճտերն աշնանն են հաշվում։ Չնայած դրան, եռամսյակային ցուցանիշները ինչ-որ չափով թույլ են տալիս պատկերացում կազմել ընդհանուր պատկերի մասին։ Ընթացիկ տարվա մայիսը նախորդ տարվա մայիսի հետ համեմատելով` շատ բան չես կարող եզրակացնել, սակայն հունվար-մայիս ժամանակաշրջանի համեմատությունը արդեն որոշակիորեն ուրվագծում է տնտեսության վիճակը։
Ցավոք, ԱՎԾ-ի նախնական հրապարակումը հնարավորություն չի տալիս այս տարվա առաջին 5 ամիսները համեմատել նախորդի հետ։ Դա հնարավոր կլինի անել մի քանի օրից, երբ կհրապարակվեն ամբողջական ցուցանիշները եւ, այսպես կոչված, շղթայակապ ինդեքսները, որոնց օգնությամբ հնարավոր է հաշվել ժամանակահատվածի ակտիվությունը։ Սակայն նախորդ ամիսների վիճակագրությունը թույլ է տալիս, այնուամենայնիվ, որոշ ենթադրություններ անել։
Այսպես, այս տարվա ապրիլի ՏԱՑ-ը նախորդ տարվա ապրիլի համեմատ 7.7% էր։ Սակայն հունվար-ապրիլ ժամանակաշրջանի առումով՝ տնտեսական ակտիվությունն աճել էր 3.7%-ով։ Սա ավելի կարեւոր ցուցանիշ է, սակայն այս մասին սովորաբար չեն խոսում։ Կամ այն պատճառով, որ դա այնքան էլ պլպլան ցուցանիշ չէ, կամ էլ՝ պարզապես չեն նկատում. ի վերջո, այդ ցուցանիշը գտնելու համար հարկավոր է բացել ԱՎԾ հրապարակման համապատասխան բաժինը եւ խոշորացույցի օգնությամբ փնտրել ամենաներքեւում՝ մանր տառերով գրված ծանոթագրությունների մեջ։ Ինչեւէ, հաշվի առնելով այս տվյալները՝ կարող ենք ենթադրել, որ հունվար-մայիս ժամանակահատվածի տնտեսական ակտիվության ցուցանիշը 3.5-4%-ի միջակայքում է գտնվելու։ Հիշեցնենք, որ բյուջեով նախատեսված է 4.6% տնտեսական աճ։ Սա ընդամենը` ի գիտություն։
Սակայն ամենաոգեւորիչը, անկասկած, լինելու է արդյունաբերության ոլորտի ցուցանիշը։ 2011թ. մայիսի ընթացքում այս ոլորտը տվել է 828 միլիարդ դրամի արտադրանք, ինչը 25.1%-ով գերազանցում է նախորդ տարվա մայիսի ցուցանիշը, եւ 11.4%-ով՝ այս տարվա ապրիլի ցուցանիշը։
Մյուս ոլորտների աճն այդքան մեծ չէ։ Աճի ցուցանիշով երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է. նախորդ տարվա մայիսի համեմատ` այս տարվա մայիսին ոլորտում արձանագրվել է 5.6% աճ։ Նշենք, որ ծառայությունների ոլորտում նախորդ ամիսներին (մասնավորապես՝ տարվա սկզբին) արձանագրված զգալի աճը պայմանավորած էր հիմնականում ԱՊՊԱ-ի ներդրմամբ։ Այսինքն՝ եթե 2010թ. հունվարին մատների վրա կարելի էր հաշվել այն մարդկանց, ովքեր ինքնակամ ապահովագրել էին ավտոմեքենայի շահագործումից բխող պատասխանատվությունը, ապա այս տարվա հունվարին արդեն օրենքի ուժով շատերը ապահովագրեցին իրենց մեքենաները։ Իսկ դա մտնում է ֆինանսական ծառայությունների վիճակագրության մեջ։
Գյուղատնտեսության ոլորտը մայիսին գրեթե փոփոխություն չի կրել. աճը` 0.1%։ Սակայն նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ, գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է մեկուկես անգամ։
Առեւտրի շրջանառությունն աճել է 2%-ով՝ նախորդ տարվա մայիսի համեմատ, եւ 6.9%-ով՝ ապրիլի համեմատ։
Նախորդ տարվա մայիսի համեմատ անկում արձանագրվել է միայն շինարարության ոլորտում՝ 5.1%-ով։ Փոխարենը, ընթացիկ տարվա նախորդ ամսվա համեմատ շինարարությունը գրանցել է ռեկորդային՝ 70% աճ։
Վիճակագիրները գրանցել են նաեւ աշխատավարձերի աճ։ Այսպես, միջին ամսական անվանական աշխատավարձը այս տարվա մայիսին կազմել է 112.054 դրամ, ինչը 7.2%-ով գերազանցում է նախորդ տարվա մայիսի ցուցանիշը։ Մասնավոր ընկերություններում միջին աշխատավարձն աճել է 6.8%-ով՝ մոտենալով 140.000 դրամի սահմանագծին, իսկ պետական հիմնարկներում միջին աշխատավարձը կազմել է 89.615 դրամ (աճը՝ 5.8%)։ Հիշեցնենք, որ նույն պաշտոնական վիճակագրության համաձայն, 12-ամսյա գնաճը մայիսին կազմել է 9%։ Այսինքն՝ չնայած աշխատավարձի 7%-անոց աճին, մեր երկրի վարձու աշխատողների գնողունակությունն ընկել է։
Անդրադառնանք նաեւ արտաքին առեւտրի ցուցանիշներին։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա մայիսին արտահանումը կազմել է 114.3 միլիոն դոլար, ներմուծումը՝ 360.4 միլիոն դոլար։ Նախորդ տարվա մայիսի համեմատ արտահանումը եւ ներմուծումը աճել են, համապատասխանաբար, 39.7 եւ 18.5 տոկոսով։ Ցուցանիշն, ինչպես տեսնում եք, դրական է՝ այն առումով, որ արտահանման աճն ավելի մեծ է եղել։ Ընդ որում, այդ համամասնությունը պահպանվում է նաեւ այն դեպքում, երբ դիտարկում ենք ընդհանուր 5 ամիսների արտահանումը։ Այսպես, ներմուծումը այս տարվա հունվար-մայիսին կազմել է 1 մլրդ 570 միլիոն դոլար (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը՝ 11%), իսկ արտահանումը՝ 487.7 միլիոն դոլար (աճը՝ 34%)։
Չնայած սրան՝ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը շարունակում է մեծանալ։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին այն կազմել է 1 մլրդ 82 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 48 միլիոնի դիմաց։
Կարող ենք արձանագրել, որ վիճակագրությունը մեր տնտեսության համար ընդհանուր առմամբ վատ պատկեր չի արտացոլում։ Եթե վերանանք իրական կյանքից եւ առաջնորդվենք միայն ԱՎԾ-ի տվյալներով՝ ապա կստացվի, որ ոչ մեծ, բայց հաստատուն քայլերով գնում ենք դեպի զարգացում։ Սակայն բնակչության մեծ մասը դժգոհ է, ինչը նշանակում է, որ կամ վիճակագրությունն է ստում, կամ՝ տնտեսական աճի արդյունքում ստեղծվող բարիքները նախատեսված են միայն շատ քիչ թվով մարդկանց համար։