DVD-ների վերջը

21/06/2011

Տեխնոլոգիաների ոլորտում մրցակցության զոհ են դարձել DVD-ները: Դրանց վաճառքը անկում է ապրում, իսկ փորձագետները կանխատեսում են տեղեկատվության ֆիզիկական կրողների լիակատար անհետացում: Այս առնչությամբ առաջին տագնապալի ահազանգն է գրանցվել. Walt Disney ընկերությունը կրճատում է DVD-ների վաճառքով ու դրանց տարածումով զբաղվող աշխատակիցների թիվը: Ըստ «Կոմերսանտ»-ի, երկու տարի առաջ Եվրոպայում էլեկտրատեխնիկայի ամենախոշոր խանութներից Pixmania-ն կանխատեսել էր, թե ինչը կարող է խանութներից անհետանալ 2010թ. վերջին: «Դուրս մնալ» հավակնում էին ֆաքսը, ֆիքսված հեռախոսները, համակարգչային մկնիկները, DVD-նվագարկիչները եւ հեռախոսները լիցքավորող լարային սարքերը (դրանց փոխարինելու գալու էին անլար լիցքավորող սարքավորումները): DVD-ի գլխավոր մրցակից են համարվում այնպիսի մոդայիկ տեսաֆորմատները, ինչպիսիք են Blu-ray-ը եւ HD DVD-ն: Digital Entertainment Group-ի տվյալներով` ԱՄՆ-ում Blu-ray նվագարկիչների քանակն անցյալ տարի մինչեւ 27,5 մլն-ով ավելացել է, ինչը նախորդ տարվա համեմատ 62 տոկոսով ավելի է: