Լեգենդար ամերիկյան «System of a Down» ռոք խումբը, վեց տարվա ընդմիջումից հետո վերսկսելով իր համերգային գործունեությունը, այսօր համերգով հանդես կգա Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում: «Կոմերսանտ»-ի երաժշտական մեկնաբան Բորիս Բարաբանովի ներկայացմամբ` «System of a Down»-ը «կազմակերպված երաժշտական խմբավորում» է, որի գլխապտույտ հաջողությունները` «հինգ երաժշտական ալբոմ յոթ տարվա ընթացքում եւ բոլորը պլատին», թողարկված ընդհանուր առմամբ 20 մլն օրինակով, կարելի է համեմատել միայն «The Beatles»-ի հաջողությունների հետ: 2006թ.-ին խմբի մասնակիցները` Սերժ Թանկյանը, Դարոն Մալաքյանը, Շավո Օդաջյանը եւ Ջոն Դոլմայանը որոշեցին կասեցնել իրենց գործունեությունը եւ սկսեցին զբաղվել անհատական գործունեությամբ: Եվ ահա վեց տարի անց` 2011թ.-ին, վերակազմավորված խումբը որոշել է մեկնել համաշխարհային համերգաշրջանի, որի ընթացքում հանդես կգա «Rock am Ring» (Գերմանիա), «Download»(Մեծ Բրիտանիա), «Novarock» (Ավստրիա) ռոք-փառատոներում, ինչպես նաեւ` առաջին անգամ եզակի համերգով` Մոսկվայում: Սակայն խմբի տղաներն իրենց հրապարակային հայտարարություններում հատուկ ընդգծում են, որ նոր երգեր թողարկելու մտադրություն դեռեւս չունեն: «Դժվար է բացատրել «System of a Down»-ի հաջողության ֆենոմենը` առանց հաշվի առնելու հայկական սփյուռքի ներուժը որպես այդպիսին,- գրում է «Կոմերսանտ»-ի մեկնաբանը` ավելացնելով,- Երիտասարդ հայերի համար «System of a Down»-ի տղաներն իրենցից նույն խորհրդանիշն են ներկայացնում, ինչ Շերը` նրանց ծնողների, կամ Ազնավուրը` նրանց տատիկների համար: Դա խորհրդանիշն է այն բանի, որ «մերոնք հերթական անգամ բոլորին մատ են անում»: