Մումիո
Հին ժամանակներում Չարի Տիտանները պահանջել են, որպեսզի երկիրն իրենց սեփականությունը լինի։ Բարու ուժերը հաղթել են նրանց, Աստված փոխակերպել է Տիտաններին սարերի, որոնց արցունքները ծորում են լեռների ծերպերից եւ այրերում։ Հնագույն ժամանակներում Այսրկովկասի լեռներում մի թագավոր որս անելիս տեսնում է նետի աղեղով խոցված եղնիկ, որը հանգիստ արածում էր։ Նա հրամայում է իմաստուններին պարզել այդ հրաշքի պատճառը, միայն երեք տարի անց պարզվում է, որ կենդանին բուժում է իր վերքերը` լիզելով լեռների խոռոչից հոսող քարե յուղը։
Ազգագրագետ Վ. Խրուստալյովը գրում է. «Կիրճերի ուղղաձիգ ժայռերի փոսիկներում արտահայտվում են դեղնականաչավուն ներծորված նյութերի հետքեր` դա քարե յուղն է։ Բիրմայում այն կոչվում է «սարերի արյուն», Մոնղոլիայում եւ Տիբեթում` «ժայռի արտասուք»։ Ներծորումները շատ բարակ են` սպիտակից մինչեւ մուգ-կանաչավուն, դժվարությամբ են անջատվում, պոկված կտորները համտեսելու հետեւանքով` թվում է, թե այրվում են շուրթերը, սակայն հաջորդ մի քանի օրերին զգում ես անհավատալի առույգություն»։
Քարե յուղը լայնորեն կիրառվում է Արեւելյան Սիբիրի, Տիբեթի, Չինաստանի ժողովրդական բժշկությունում արյունահոսությունների, այրվածքների, ստամոքսի խանգարումների, կոտրվածքների, կանացի հիվանդությունների, շագանակագեղձի բորբոքման դեպքում։
Քարե յուղը կիրառում են որպես օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող, կանխարգելիչ միջոց. Քարե յուղը լուծեք սենյակի ջերմաստիճանի նախօրոք եռացրած ջրում մեկը հազարի հարաբերությամբ, խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո, 3-4 օրից հետզհետե հասցրեք չափաբաժինը 200 մլ եւ խմեք սնունդ ընդունելուց առաջ։
Գիտությունը չի պարզել մումիոյի «ծագումը», հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ունի միաժամանակ հանքային, բուսական եւ կենդանական բնույթ։ Մումիոյի առաջացման, բաղադրության եւ բուժիչ հատկությունների պատմական ակունքները եւ ժամանակակից մոտեցումները ուսումնասիրել է ուզբեկ գիտնական բժիշկ Ա. Շակիրովը։ Նա ուսումնասիրել է ավելի քան 70 հին գրություններ, որտեղ գրված է, որ մումիոն բուժում է լյարդի եւ ստամոքսի հիվանդությունները, բրոնխիալ ասթման, տուբերկուլյոզը, պարալիչը եւ այլն։
Մումիոյի բուժիչ հատկությունների մասին հանգամանորեն գրել է նաեւ Ա. Ամասիացին. «Լինում է երկու տեսակ` բնական եւ արհեստական։ Արհեստականը ոչ մի բուժիչ հատկություն չունի։ Լավագույնը լինում է սեւ գույնի, օժտված է տարրալուծող հատկությամբ։ Օգնում է կաթվածահարության եւ դեմքի ծռվածության, խցանումների, վնասվածքների, գլխացավի, միգրենի, լեզուն փաթ ընկնելու դեպքում։ Դադարեցնում է արյունահոսությունը, օգնում է միզելու ժամանակ առաջացող այրոցի դեպքում։ Ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Բայց վնաս է փայծաղի համար։ Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է բույսերի արմատների եփուկը։ Մումիոն կարելի է ուտել, խմել եւ քսել մարմնին։ Եթե 0,2 գրամ մումիոն 27 գրամ խնկածաղկի հետ տան խմելու, կօգնի ընկնավորության դեպքում։ Եթե 0,2 գրամ մումիոն տան ծիթրոնի եփուկի հետ, ապա կօգնի թոքերի եւ կոկորդի հիվանդությունների դեպքում։ Եթե 0,4 գրամ ընդունեն, կօգնի նաեւ դիֆթերիայի դեպքում, եթե տան քացախի ու մեղրի խառնուրդի կամ թթի հյութի հետ։ 0,4 գրամ մումիոն մաղադանոսի եփուկի հետ ընդունելու դեպքում կօգնի միզապարկի խոցի բուժմանը։ 0,4 գրամ մումիոն անիսոնի եփուկի հետ կօգնի ջղաձգության դեպքում։ Եթե մրսելու հետեւանքով ցավում է մեկի ստամոքսը, թող նրան 2 օր 0,4 գրամ մումիո տան։ Եթե ծիթրոնի եւ կղմուխի եփուկի հետ տան, կօգնի արգանդի կծկումների դեպքում։ Կանացի հիվանդությունների դեպքում պետք է տալ 0,6 գրամ մումիո»։
Քարե յուղը շատ երկար է պահպանվում չոր այրերում, գտնվել են 15.000 տարվա վաղեմության մումիոյի կտորներ, այն շատ են սիրում ծվծվան մկները եւ թռչունները, որոնց աղիներով անցնող մումիոն կոչվում է երկրորդական։
Համարվում է, որ մումիոն առաջանում է 1800 մ եւ ավելի բարձրություն ունեցող լեռների քարանձավներում, որի ներկայության մասին վկայում է յուրահատուկ հոտը։
Մումիոն հեշտությամբ լուծվում է ջրի մեջ, այն հալչում է ձեռքին դնելիս։
Մումիոյի քիմիական բաղադրությունը շատ հարուստ է, այն պարունակում է Մենդելեեւի պարբերական աղյուսակի թվով ավելի քան 50 միկրոէլեմենտներ։ Հատկապես հարուստ է կալցիումով, մագնիումով, պղնձով, մարգանեցով։ Մումիոն նպաստում է ոսկրերի հյուսվածքների, ոսկրածուծի աճին, երկաթի յուրացմանը։
Կարեւորվում է մումիոյի մաս կազմող ամինաթթուների դերը, հատկապես գլյուտամինի եւ գլիցինի։
Դեղատոմսեր
Հիպերտոնիայի դեպքում. Խմեք 0,15-0,2 գ ջրում լուծված մումիո, երեկոյան ճաշից մեկ ժամ հետո։ Բուժման ժամկետը` մեկ ամիս, ընդմիջեք մեկ ամիս։ Կրկնեք եւս 2-3 անգամ։
Հաճախակի կրկնվող գլխացավերի դեպքում. Խմեք 0,2 գ մումիո քնելուց առաջ։ Ժամկետը` 10 օր, ընդմիջեք 5 օր։
Միգրենի, գլխապտույտի, ընկնավորության դեպքում. Խմեք 0,2-0,3 գ մումիո, որը պետք է լուծեք մեղրի եւ կաթի խառնուրդի մեջ (1։20)։ Խմեք 25 օր, առավոտյան նախաճաշից առաջ եւ երեկոյան ընթրիքից 1 ժամ հետո։ Անհրաժեշտության դեպքում 10 օր ընդմիջելուց հետո կրկնեք բուժումը։
Առաջարկվում է նաեւ կուրսային բուժում։ Ժամկետը` 21 օր։
ա) Պահանջվում է 32 գ մումիո։ Հումքի 5 գ լուծեք 500 մլ ջրի մեջ։ 7 օր խմեք 40-ական կաթիլ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ, հաջորդ 7 օրը` մեկական թ/գ, վերջին 7 օրը` մեկական ճ/գ։
բ) Ժամկետը` 10 օր։ 8 գ մումիոն լուծեք 500 մլ ջրի մեջ։ Առաջին, երկրորդ եւ երրորդ օրերին խմեք կեսական թ/գ մինչեւ ընթրիքը, չորրորդ օրվանից ավելացրեք օրը 3-4 կաթիլ, բայց ոչ ավելի մեկ թեյի գդալից։
Հակացուցված է հղի կանանց եւ կերակրող մայրերին, մինչեւ 12 տարեկան երեխաներին, միզաքարային հիվանդության դեպքում։