Հաջողվա՞ծ է

17/06/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ իր հայտարարության մեջ անդրադարձել է նաեւ խորհրդարանական ընդդիմությանը` ասելով. «Որքան էլ բարդ, երբեմն` նաեւ կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն ՀՀ զարգացման հարցերում դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության` ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցության հետ»: Արդյո՞ք այս կուսակցությունները համաձայն են Ս.Սարգսյանի հետ: «Նախագահ Ս.Սարգսյանի իրավունքն է որպես հաջողված համարել խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումները սոսկ լսելը, բայց ՀՀ զարգացման համատեքստում «Ժառանգությունը» չի կարող դա որպես հաջողված օրինակ դիտարկել: Եթե երկխոսությունը խորհրդարանի հարթակում այդպես արդյունավետ լիներ եւ երկրի զարգացման հարցերում խնդիրներ հարուցած չլիներ, ապա չէր լինի նաեւ «Ժառանգության» կողմից խորհրդարանի նիստերին չմասնակցելը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Իսկ ՀՅԴ-ից երեկ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ այս հարցի առնչությամբ: