Գործուն մերժում

17/06/2011

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես պատասխանել է երկխոսության վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի առաջարկին: Բավական ծավալուն պատասխանում, Ս. Սարգսյանն, ըստ էության, չմերժելով երկխոսության առաջարկն ընդհանրապես, մերժել է ՀԱԿ-ի` բանակցությունների ձեւաչափով երկխոսելու առաջարկը: Ընդ որում, դա արել է բավական բազմիմաստ ձեւակերպմամբ, որը կարող է գնահատվել եւ՛ որպես մերժում, եւ՛ որպես համաձայնություն: Կրկնելով իշխանության տարբեր մարմինների հետ երկխոսելու հնարավորության մասին ՀՀԿ-ականների կողմից արդեն բազմիցս հնչած առաջարկը, Ս. Սարգսյանն, այնուամենայնիվ, ավելացրել է. «Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն ՀԱԿ-ն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ»: Այս արտահայտությունը ՀԱԿ-ին կարող է հնարավորություն տալ եւս որոշ ժամանակ «կիսաբաց» պահել երկխոսության դուռը: Ամեն դեպքում` երեկ ՀԱԿ-ը Ս. Սարգսյանի հայտարարությունը չի որակել որպես մերժում: Նրանք ընդամենը տեղեկացրել են, որ «հայտարարության պարունակած որոշակի անհստակությունների եւ առանձին ձեւակերպումների բազմիմաստությունը» Կոնգրեսը քննարկելու է իր կառույցներում եւ դրանից հետո է դիրքորոշում արտահայտելու: Իհարկե, սա ծիծաղելի է, քանի որ բոլորին է հայտնի, որ նման կարեւոր որոշումները Լեւոն Տեր-Պետրոսյանը կայացնում է կամ անձամբ, կամ լավագույն դեպքում` մի քանի մերձավորներին իր որոշման մասին տեղեկացնելուց հետո: Այսինքն` ՀԱԿ-ը դեռ չի ցանկանում ընդունել Ս. Սարգսյանի մերժումը եւ ակնկալում է նաեւ նրա պարզաբանումները (երեկ այդ մասին արդեն ակնարկել են ՀԱԿ ներկայացուցիչները), որը Ս. Սարգսյանը կարող է ներկայացնել կամ իրեն հարմար պահի, կամ չներկայացնել ընդհանրապես: Ի դեպ, Ս. Սարգսյանը եւս մի քանի կարեւոր արձանագրումներ է արել, ՀԱԿ-ին դնելով, մեղմ ասած, անհարմար իրավիճակում: Նախ` նա ասել է, որ ՀԱԿ-ի հետ երկխոսության նախաձեռնությունը պատկանում է իշխանություններին: Բացի այդ, Ս. Սարգսյանն իր պատասխանում երկխոսության մասին խոսել է` այն ներկայացնելով` որպես արդեն կայացած փաստ, որպես ներկայումս էլ ընթացող գործընթաց, մինչդեռ ՀԱԿ-ը երկխոսություն ասելով` նկատի ունի միայն պատվիրակությունների մակարդակով բանակցությունները: Ս. Սարգսյանի երեկվա պատասխանի ամբողջ տրամաբանությունը, սակայն, հիշեցում էր «արժանապատիվ գործարքի» մասին: