ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ վերջապես պատասխանեց երկխոսության մասին ՀԱԿ-ի առաջարկին: Բայց Ս.Սարգսյանը մի այնպիսի հայտարարություն էր տարածել, որն ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան` պատասխաններ տալիս:
Իսկ ամենակարեւորը` այդ հայտարարությունից այդպես էլ պարզ չդարձավ` Ս.Սարգսյանը Կոնգրեսին դրակա՞ն, թե՞ բացասական պատասխան է տալիս:
Ս.Սարգսյանն իր հայտարարության մեջ նախ նշել է, որ «երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար»: Ավելացրել է նաեւ, որ ՀԱԿ-ի հետ երկխոսության նախաձեռնողն ու սկսողն էլ իշխանություններն են: Բայց այդպես էլ միանշանակ հասկանալի չէ, թե Ս.Սարգսյանն ընդունե՞լ է Կոնգրեսի հետ երկխոսության առաջարկը: Թվում է` այո, որովհետեւ հայտարարության մեջ շեշտել է, որ «Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի եւ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից եւ լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաեւ առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին եւ երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել եւ քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել եւ քննարկել»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ իշխանության հետ երկխոսության օրակարգի իրենց հիմնական հարցը արտահերթ ընտրություններն են: Արդյո՞ք սա նշանակում է, որ Ս.Սարգսյանը պատրաստ է ընդդիմության հետ քննարկել արտահերթ ընտրությունների թեման: Նա նո՞ւյնպես ընդդիմության նման այն կարծիքին է, որ լարված ներքաղաքական, ծանր սոցիալ-տնտեսական եւ ԼՂ հարցում գրեթե փակուղային իրավիճակներից դուրս գալու միակ ելքն արտահերթ ընտրություններն են: ՀՀԿ փոխնախագահ եւ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, որ խոսքը հերթական ընտրությունների մասին է, որովհետեւ առաջիկա ընտրությունները «վճռորոշ» են լինելու մեր երկրի համար: Մինչդեռ Ս.Սարգսյանն իր հայտարարության մեջ չէր շեշտել, որ ինքը նկատի ուներ հերթական ընտրությունները, անորոշ էր թողել այդ նուրբ պահը:
Հաջորդ անորոշությունը վերաբերում է պատվիրակություն ստեղծելու հետ կապված ՀԱԿ-ի առաջարկին: Համաներման միջոցով քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո հունիսի 2-ին ընդդիմությունը երկխոսության նպատակով 5 հոգանոց պատվիրակություն կազմեց եւ սպասեց, որ նման քայլ կանի նաեւ իշխանությունը: Այդ օրերին քաղաքական շրջանակներում նույնիսկ քննարկվում էր հարցը, թե ովքեր են լինելու իշխանության պատվիրակությունը` ներկայացուցիչնե՞ր կոալիցիոն կուսակցություններից, թե՞ պարզապես Ս.Սարգսյանի համար առավել վստահելի մարդիկ: Սակայն իշխանությունները հայտարարեցին, որ իրենք պատվիրակություն կազմելու մտադրություն չունեն: Գ.Սահակյանն այդ առիթով նույնիսկ ասաց, թե իրենք չեն ուզում «տունտունիկ» խաղալ: Իսկ այս դեպքում Ս.Սարգսյանն իր հայտարարության մեջ գրել է, թե քաղաքական կոալիցիան պատրաստ է կոնկրետ հարցեր ունեցող քաղաքական ուժերի հետ քննարկումներ ունենալ: «Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն ՀԱԿ-ն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ»,- նշված է հայտարարության մեջ:
Արդյո՞ք սա նշանակում է պատվիրակություն կազմել: Սկզբում Ս.Սարգսյանն ասել էր, թե այս-այս հարցերի համար կարող են դիմել Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին եւ Կարեն Կարապետյանին, իսկ հետո նրանց կողքին ավելացնում է նաեւ կոալիցիայի ներկայացուցիչներին: Այս երեքը միասին ու նաեւ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» կուսակցություններից մեկական անդամներ, ստացվում է ՀԱԿ-ի պատվիրակությանը համարժեք հինգ հոգանոց պատվիրակություն: Հավանաբար, Ս.Սարգսյանը չի ցանկացել Կոնգրեսին ուղղակիորեն պատասխանել, բայց դա արել է մի փոքր այլ ձեւակերպումներով: Կարող է, գործ ունենք նաեւ այլ տարբերակի հետ` միգուցե ՀԱԿ-ի հետ երկխոսության գործընթացը կծավալվի կոալիցիոն երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած մի խմբի միջոցով, որտեղ արդեն ՀՀԿ-ի վերը նշված 3 բարձրաստիճան պաշտոնյաները ներգրավված չեն լինի, եւ այլն: Միգուցե նաեւ Ս.Սարգսյանը մերժել է երկխոսության առաջարկը, բայց դա չի արել ուղղակի կերպով, որպեսզի դա հետո թե Հայաստանում, թե միջազգային կառույցներում քննարկման առարկա չդառնա: Տպավորություն է ստեղծվում, թե անորոշ ձեւակերպումներով նա ընդունում է երկխոսությունը, սակայն այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ դա չկայանա: Չի բացառվում, որ իր տարբերակներն առաջարկելով, նա էլ փորձում է երկխոսության կամ բանակցությունների իմիտացիա ստեղծել ու այդպիսով որոշ ժամանակ շահել: Բնականաբար, այստեղ արդեն մտածելու կամ պատասխան քայլն անելու հերթը Կոնգրեսինն է: Հիշեցնենք նաեւ, որ ընդդիմությունը հանրահավաքի օր է նշանակել հունիսի 30-ը, եւ մինչ այդ Ս.Սարգսյանից կոնկրետ պատասխաններ է ակնկալում: Վերջինիս հայտարարությունից մոտ 2 ժամ հետո հաղորդագրություն տարածեց ՀԱԿ-ը, որում ասվում է. «Նկատի ունենալով հայտարարության պարունակած որոշակի անհստակությունները եւ առանձին ձեւակերպումների բազմիմաստությունը, Կոնգրեսը նպատակահարմար է համարում դրա գնահատականը տալ` իր կառույցներում քննարկելուց հետո»: Պարզվում է, որ Ս.Սարգսյանի այս հայտարարությունը անհասկանալի է նաեւ Կոնգրեսի համար: Եվ այնպես է ստացվում, որ ընդդիմությունը հիմա էլ պետք է սպասի, որ Ս.Սարգսյանն անձամբ մեկնաբանի իր իսկ հայտարարությունը: Այնպես, ինչպես դա տեղի ունեցավ երկխոսության առաջարկի դեպքում, երբ Կոնգրեսը հայտարարեց, թե ինքը սպասում է ոչ թե իշխանության տարբեր պաշտոնյաների, այլ անձամբ Ս.Սարգսյանի պատասխանին: Երեկ ՀՀ ողջ քաղաքական դաշտը փորձում էր հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել Ս.Սարգսյանը: Երեկ թե իշխանական դաշտից, թե ՀԱԿ-ից շատերը չէին ցանկանում մեկնաբանել այդ հայտարարության մեջ նշված բազմիմաստ ձեւակերպումները: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը միայն ասաց, թե հայտարարության տեքստը «շատ երկար է մշակվել եւ այնպես է կազմվել, որ կարողանան ինչ-որ տեղ բավարարել եւ իշխանական հատվածին, եւ մտածելու տեղիք տան ընդդիմությանը»: «Ես կարծում եմ, որ սեփական թիմում խուճապից խուսափելու համար սա միջանկյալ հայտարարություն է մինչեւ ԵԽ ԽՎ եւ Կազան: Ես հույս ունեմ, որ Կազանից հետո կլինի նոր հայտարարություն, որն ավելի կոնկրետացված բովանդակությամբ կլինի, եւ որը հնարավորություն կտա սկսել երկխոսությունը, եթե ոչ` ընդդիմությունը կանի իր հետեւությունները»,- ավելացրեց Լ.Սարգսյանը:
Իսկ Ս.Սարգսյանի այս հայտարարությունից կարելի է շատ բան եզրակացնել: Նախ` նա, թեեւ անորոշ, բայց վերջապես պատասխանեց Կոնգրեսին: Հավանաբար, այսօր կամ առաջիկայում իշխանության մեկնաբանները կսկսեն բացատրել, թե ինչ է թաքնված իրենց ղեկավարի տողատակերում: Այդ հայտարարությունից հասկանալի է դառնում, որ երկխոսության հարցում Ս.Սարգսյանը որոշակի ճնշումներ է ունեցել իշխանության ներսում թե կոալիցիոն, եւ թե սեփական կուսակիցների, ինչպես նաեւ ընդդիմադիր դաշտի մյուս կուսակցությունների կողմից: Նա փորձել է այնպիսի ձեւակերպումներ տալ, որ լարվածություն չստեղծվի եւ ոչ մի ուժի կողմից: Բայց արդեն անորոշության մեջ է հայտնվել ՀԱԿ-ը: «Մենք պետք է իմանանք` արդյո՞ք իշխանությունները ընդունում են այս առաջարկը, թե՞ մերժում են, եւ այստեղ պետք է պարզություն լինի. կիսապատասխանները, լղոզված պատասխանները մեզ չեն բավարարում: Իշխանության կողմից երկխոսության առաջարկի մերժումը ՀԱԿ-ը կընդունի որպես մարտահրավեր ժողովրդին, քանի որ այդ կերպ իշխանությունը ցույց կտա, որ բացի ուժից, ուրիշ լեզու չեն հասկանում»,- երեկ մինչեւ Ս.Սարգսյանի հայտարարությունը` ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Իսկ Ս.Սարգսյանն, այս իրավիճակում, հաջորդ շաբաթ կմեկնի Ստրասբուրգ` ԵԽ ԽՎ նստաշրջանում ելույթ ունենալու, եւ Կազան` ԼՂ հարցով Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու համար: