Մեկնաբանություններն անընդունելի են

17/06/2011

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համացանցում տեղադրված տեսանյութերի վերաբերյալ երեկ պարզաբանումներ է տվել: 2011թ. հունիսի 16-ին youtube ինտերնետային կայքում հերթական տեսանյութն է տեղադրվել 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ի լրումն նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների, եւս մեկ անգամ հավաստում է, որ նախաքննության համար կարեւոր է 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն: Մինչ օրս համացանցում տեղադրված բոլոր տեսանյութերը, որոնք նախկինում չեն եղել նախաքննական մարմնի տրամադրության տակ, պատշաճ կարգով ուսումնասիրվել են եւ դարձվել քննության առարկա: Առավել մանրազնին եւ առարկայական հետազոտելու նպատակով բոլոր տեսանյութերի վերաբերյալ նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ: Անընդունելի է, որ հիշատակված տեսանյութերն ուղեկցվում են անհիմն եւ մտացածին մեկնաբանություններով, ինչը զուտ քաղաքական նպատակներ է հետապնդում եւ շահարկումների տեղիք տալիս: Մասնավորապես, youtube.com ինտերնետային կայքում 06.06.2011թ տեղադրված տեսանյութը վերնագրված է «Սամվել Հարությունյանի գնդակահարությունը… 01.03.2008թ.», մինչդեռ տեսանյութում չկա Սամվել Հարությունյանի կամ որեւէ այլ անձի սպանության փաստը պատկերող դրվագ: Ավելին, համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության` Սամվել Հարությունյանի վնասվածքը պատճառվել է բութ առարկայի ներգործության հետեւանքով, իսկ մահը վրա է հասել վնասվածքն ստանալուց ավելի ուշ` հիվանդանոցում, օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից: Ինչ վերաբերում է 2011թ. հունիսի 16-ին youtube-ում տեղադրված հերթական տեսանյութին, ապա ապացուցողական իմաստով այն հաստատում է միայն նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված եւ հաստատված այն փաստերը, որ Գրիգոր Գեւորգյանի դիակը դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն է տեղափոխվել Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկի հանդիպակաց մայթի դալանի մոտ տեղակայված կոշիկի վերանորոգման կրպակի մոտից, եւ` ոչ ավելին: Մեկ անգամ եւս հորդորում ենք տեսագրությունը կատարած անձանց նախաքննական մարմնին ներկայացնել իրենց ունեցած տեսանյութերն ամբողջությամբ, ինչը կարող է օգտակար լինել նախաքննությանը` որոշակի հանգամանքներ ճշտելու համար: Նախաքննական մարմինը պատրաստակամ է հարցաքննել նաեւ տեսագրությունը կատարած անձանց, ովքեր կարող են պարզաբանում մտցնել նյութերի ապացուցողական նշանակության եւ գնահատման հարցում: Ոչ կոմպետենտ եւ շահագրգիռ մեկնաբանությունները միայն դեպքերի, դրանց հանգամանքների աղավաղման եւ հանրությանը ապակողմնորոշելու միտում ունեն»,- ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ: