Ոչ շաուրմաներին

17/06/2011

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը բնակչությանը հորդորում է խուսափել բաց տարածքում վաճառվող «շաուրմաներից»: «Շաուրմա-բան ուտողները մեր ջահելներն են, որ հետո սերունդ պիտի տան: Այդ սերնդի մասին պետք է մտածել»,- երեկ կայացած ասուլիսում ասել է նա: Խոսելով պաղպաղակների մասին` Սպառողների ազգային ասոցիացիայի Մարքեթինգի եւ մոնիտորինգի բաժնի ղեկավար Ֆրունզե Հայթայանը հիշեցրել է. «Մի շրջան մենք վերացրինք ֆրեզերնի արտադրվող եւ վաճառվող պաղպաղակները, բայց էլի ի հայտ են եկել: Նորից պետք է ասել, որ նման արտադրողները պիտի ունենան համապատասխան պայմաններ, լցնեն եւ վաճառեն տեղական պաղպաղակ արտադրողներից որեւէ մեկի արտադրանքը, բերեն եւ լցնեն, ոչ թե տեղում մի քանի բաղադրիչ խառնեն, տան արագ սառեցում, լցնեն ու վաճառեն»: «Կարող է պաղպաղակի մեջ ոչ կաթ լինի, ոչ մյուս բաղադրիչները, բայց վաճառվի պաղպաղակ»,- նշել է նա: Ըստ Հայթայանի, ոչ թե պետք է արգելել այդ վաճառքը, այլ դարձնել լիովին վերահսկելի, քանի որ արագ սննդի բաց առեւտուրը տարածված է ողջ աշխարհում եւ տարածված կլինի, քանի դեռ ունի սպառող: