«Նշանադրություն չի եղել»

17/06/2011

Համացանցում լուրեր էին տարածվել, թե Արթուր Հակոբյանը, նույն ինքը` Միստր X-ը, նշանվել է: Սակայն Արթուրը մեզ հետ զրույցում ասաց, որ ավանդական «խոսք առնելը» համացանցում սխալմամբ ներկայացվել է որպես նշանադրություն: «Իմ ընկերները կնեղանան ինձանից, եթե իմանան, որ նշանվել եմ եւ ոչ ոքի չեմ տեղեկացրել: Բնականաբար, ես շատ ընկերներ եւ բարեկամներ ունեմ, որոնք անպատճառ նախօրոք կիմանան իմ նշանադրության մասին: Մայիսի 30-ին իմ ընտրյալի` Մերիի 20-ամյակն էր, եւ նրա ծնողները որոշել էին մեծ ծնունդ կազմակերպել ռեստորանում: Այդ օրը, մինչ ռեստորան այցելելը` մենք գնացինք Մերիենց տուն` «խոսք առնելու»: Հարսանիքի մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ սեպտեմբերից սկսվում են իմ համերգային շրջագայությունները, որոնք կտեւեն մինչեւ դեկտեմբեր: Հնարավոր է նաեւ, որ այդ ընթացքում կարողանանք ամուսնանալ եւ միասին մեկնել շրջագայության, որն այդ դեպքում կվերածվի մեղրամիսի»: Արթուրը նշեց, որ ամուսնությունից հետո պատրաստվում են ապրել իր մայրիկի հետ: Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում տարածված այն կարծիքին, թե երկու կինը խոհանոցում` արդեն իսկ պատերազմի առիթ է, Արթուրը պատասխանեց. «Չեմ կարծում, թե բանը դրան կհասնի: Իմ մաման շատ բարի եւ հասկացող կին է: Բացի այդ, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ համաձայնությամբ»: