«Քեթրինի» Միհրանը` ԱԺ-ո՞ւմ

16/06/2011

Մեր տեղեկություններով` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող ընտրատարածքում առաջադրել իր թեկնածությունը: Այդ նպատակով նա վերջին ամիսներին իրեն պատկանող «Քեթրին» ընկերության միջոցով այդ համայնքում սկսել է լայնածավալ գործունեություններ, այդ թվում եւ` բարեգործական ակցիաներ իրականացնել: ԴԱՀԿ պետը նշանակվում է նախագահի հրամանով, եւ չի բացառվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Մ.Պողոսյանն այլեւս չպաշտոնավարի: ԴԱՀԿ մամուլի ծառայությունից երեկ մեր թղթակցի հետ զրույցում բացառել են Մ.Պողոսյանի առաջադրման հնարավորությունը: Մեր տեղեկություններով, սակայն, վերջինս փորձում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից դրա համար համաձայնություն ստանալ: Եվ, ամենայն հավանականությամբ, կստանա` հաշվի առնելով նրա «անբռնազբոս» վարքագծի նկատմամբ իշխանության մշտական բարեհաճությունը: Հիշեցնենք, որ հենց Մ. Պողոսյանի պատճառով անցած տարի պաշտոնանկ արվեց ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ով համարձակվել էր Միհրանին նկատողություն անել այն բանի համար, որ վերջինս աշխատասենյակում ծեծել էր իր աշխատակիցներից մեկին: Իսկ ընդամենը օրեր առաջ «Առավոտ» թերթում հրապարակվել էին լուսանկարներ, որտեղ ԴԱՀԿ աշխատակիցները ամբողջ Հալաբյան փողոցի երթեւեկությունը դադարեցնում են «Քեթրինի Միհրանի» համար ճանապարհ բացելու նպատակով: Ինչ վերաբերում է Քանաքեռ-Զեյթուն համայնքին, ապա ներկայումս այն ընդգրկող ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը: Կարծիք կա, որ նա այլեւս չի առաջադրվի: Այդ ընտրատարածքում ցանկանում է առաջադրվել նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արայիկ Քոթանջյանը: