ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ լրագրողներին խորհուրդ տվեց «մի կողմ դնել» հայի հետաքրքրասեր բնավորությունը ու չհետաքրքրվել երկրում նոր ներդրումներ կատարող անձանցով: «Տեսնում եք, օրինակ, այս հյուրանոցը լավն է, չէ՞(մատնացույց է անում «Գոլդեն Փելես» հյուրանոցը.-խմբ), բա էլ ձեզ պե՞տք է իմանալ, թե դա ումն է: Ասենք, Պողոսինն է կամ Պետրոսինը, դրանով ի՞նչ կփոխվի»,- ասաց նախարարը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը (Կարեն Ճշմարիտյանի ազգական) մեզ հետ զրույցում իրեն անվանեց Հաղթանակ զբոսայգում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի իրական տեր: Այն ժամանակ մեզ հետաքրքրում էր, թե 180 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական պաշտոնյա Հ. Ճշմարիտյանին որտեղի՞ց այդքան գումար հյուրանոց կառուցելու համար: Հ. Ճշմարիտյանը մեր այդ հարցին պատասխանել էր՝ «Հյուրանոցն իմն է, եւ դա իմ պրոբլեմն է»: Դրանից հետո Հ. Ճշմարիտյանն ազատվեց փոխնախարարի պաշտոնից: Հիմա էլ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը խորհուրդ է տալիս չհետաքրքրվել օբյեկտներ կառուցող անձանցով: