Ոստիկանությունը կոծկում է

15/06/2011

Նախօրեին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, թե ինչպես են «հերոսաբար» վնասազերծել մի ավազակ-հանցագործի: Հաղորդագրության մեջ ասված է. «հունիսի 14-ին Ոստիկանությունում ահազանգ ստացվեց, որ անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Երեւանի Բագրատունյաց փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը: Քանի որ այս տարվա ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում ջրմուղի աշխատակցի անվան տակ մի շարք ավազակային հարձակումներ էին կատարվել, մասնավորապես, երեքը` Կենտրոն, երկուսը` Մալաթիա-Սեբաստիա, եւ մեկական դեպք` Ավան, Արաբկիր եւ Աջափնյակ համայնքներում, ոստիկանները կասկածեցին, որ հնարավոր է` վերջին դեպքը նույն շարքից է: Ոստիկանության ծառայողներն անմիջապես մեկնելով ահազանգի հետքերով` հետապնդեցին ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողին, ով մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կիրառեց իր մոտ եղած զենքը: Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոցից հետո վնասազերծեցին նրան: Վերջինս տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվեց վիրահատության, սակայն գիտակցության չգալով` մահացավ: Պարզվեց, որ նա 1981 թ. ծնված Արման Ենգիբարյանն էր»: Մինչ այս հաղորդագրությունը, սակայն, այլ տվյալներ էին նույն դեպքի կապակցությամբ հաղորդվել, այն է` «Հունիսի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում, անհայտ անձը ներկայանալով ջրմուղի աշխատակից` փորձել է մուտք գործել Երեւանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով նրան` անմիջապես զանգել է Ոստիկանություն»: Մեր տեղեկություններով, թեեւ դեպքը տեղի է ունեցել Երեւանի Շենգավիթ համայնքում, «ավազակին վնասազերծող» ոստիկանը, սակայն, չգիտես ինչո՞ւ, եղել է Արաբկիր համայնքի Ոստիկանության բաժնի մի աշխատակից: Երբ որեւէ համայնքում որեւէ դեպք է տեղի ունենում կամ ահազանգ է լինում, ապա դեպքի վայր են մեկնում տվյալ համայնքի Ոստիկանության բաժնի աշխատակիցները, եւ ոչ թե հեռավոր մի համայնքի: Կարծիք կա, որ այդ ոստիկանի (որի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ զարմանալիորեն ոչինչ չի նշվում) գործողությունը «ավազակի վնասազերծման» հետ որեւէ առնչություն չուներ, եւ պարզապես հեքիաթ է, հերոսապատում, որը հորինվել է սպանության բուն պատճառը քողարկելու նպատակով: Այսինքն` ոչ թե եղել է ահազանգ Ոստիկանությանը, այլ, ինչպես ասում են` «զանգ ընկերոջը»: Պատկերացնո՞ւմ եք, Շենգավիթում ապրող բնակիչն ահաբեկված ահազանգում է, եւ Արաբկիր համայնքից արագորեն ոստիկան է գալիս ու տեղում «վնասազերծում-սպանում է» «ավազակին»: Ի դեպ, եթե «վնասազերծող» ոստիկանը Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակից էր, ուրեմն Շենգավիթ համայնքում օպերատիվ գործողություն կատարելու համար առնվազն պետք է ունենար Ոստիկանության «Արաբկիր» բաժնի պետի համաձայնություն-հանձնարարությունը: Եթե դա չկա, ուրեմն ինքնագլուխ գործունեություն է: