Հունիսի 20-24-ը ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում տեղի է ունենալու ԼՂՀ հարցով ԵԽ ԽՎ ենթահանձնաժողովի նիստ: Իսկ մինչեւ տարեվերջ այդ ենթահանձնաժողովը ԵԽ ԽՎ Բյուրոյին է ներկայացնելու իր բանաձեւի նախագիծը:
Հիշեցնենք, որ խոսքն այն ենթահանձնաժողովի մասին է, որի գործունեությունը վերսկսվեց ԵԽ ԽՎ նախագահի պաշտոնում ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուի ընտրվելուց հետո եւ նրա անմիջական մասնակցությամբ: Հայկական պատվիրակությունը թեեւ դեմ էր այդ ենթահանձնաժողովի ստեղծմանը, սակայն չկարողացավ կանխել դա: Իսկ արդեն իր գործունեությունը վերսկսած ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի առաջին նիստը ուշագրավ է նաեւ նրանով, որ այն տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԵԽ ԽՎ կատարելիք այցի օրերին. Ս. Սարգսյանը ելույթ է ունենալու ԵԽ ԽՎ նիստում: Դեռեւս ապրիլի 18-ին` ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի ավարտից հետո, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե ենթահանձնաժողովի ղեկավար Հուգլա ի Կոստային առանձին ասել էր, որ ենթահանձնաժողովի աշխատանքը հղի է բացասական հետեւանքներով` բանակցային գործընթացում լրացուցիչ լարվածություն առաջացնելու տեսանկյունից: Այն ժամանակ Դ. Հարությունյանը հույս էր հայտնել, որ գոնե այս տարի ենթահանձնաժողովը նիստ չի գումարի: Նաեւ ասել էր, թե ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի հենց առաջին նիստին հայկական պատվիրակությունը «խստորեն» հայտարարել է ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի ստեղծման անթույլատրելիության մասին: Բնականաբար, ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի նախագահն ու նաեւ որոշ անդամներ ամեն ինչ պետք է անեին, որպեսզի այս նստաշրջանում ենթահանձնաժողովը սկսի իր աշխատանքը, քանի որ, ինչպես հայտնի է, Չավուշօղլուի պաշտոնավարումը տեւելու է մինչեւ 2012թ. հունվար: Բանն այն է, որ ենթահանձնաժողովի ղեկավար Հուգլա ի Կոստային դեռեւս ապրիլին ասել էր, որ իրենք պատրաստվում են մինչեւ տարեվերջ բանաձեւի նախագիծ ներկայացնել հանձնաժողովին, ինչից պետք էր ենթադրել` իրենք շահագրգռված են, որ մինչեւ 2012 թ. հունվար ենթահանձնաժողովը գոնե մեկ նիստ գումարի: Իսկ ի՞նչ է արել ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը` կանխելու համար այս հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, որը ՀՀ իշխանությունների համար «անթույլատրելի, անարդյունավետ ու վտանգավոր» էր որակվում: Հայկական կողմը դեռեւս բավարարվում է միայն հայտարարությամբ, որ ղարաբաղյան հարցի քննարկման միակ ընդունելի ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Նույնն, ի դեպ, ասում են ԵԽ ԽՎ-ի թե՛ գլխավոր քարտուղարը (միաժամանակ ամեն ինչ անելով, որ կայանա ԼՂ հարցով ենթահանձնաժողովը), թե՛ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը: Նշենք, դեռեւս ապրիլին Դ. Հարությունյանը հայտարարում էր, որ այդ ենթահանձնաժողովը հարթակ է դառնալու միմյանց փոխադարձ մեղադրանքներ ուղղելու համար: Ավելին, նա ԵԽ ԽՎ-ին մեղադրել էր հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ակնհայտ եւ կողմնակալ գործելակերպ ցուցաբերելու մեջ: Դեռեւս ապրիլ ամսին Դ. Հարությունյանը հայտարարել էր, թե ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը դեռեւս չի որոշել` մասնակցելո՞ւ է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽ ԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ` ասելով. «Մի բան հստակ է. ԼՂ խնդրի կարգավորմանը վնասող որեւէ կառույցի աշխատանքների մենք չենք մասնակցելու»: Երեկ Դ. Հարությունյանից մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ինչպիսի՞ մոտեցում է դրսեւորելու ՀՀ պատվիրակությունը` բոյկոտելո՞ւ է այս նիստի աշխատանքները, թե՞ ոչ, եւ արդյո՞ք դա է ամենաարդյունավետ լուծումը, քանի որ, ինչպես ինքն էր ասել` այն միմյանց մեղադրանքներ ուղղելու հարթակ է լինելու: ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ պատվիրակությունը դեռեւս միասնական որոշում չունի այդ հարցում, եւ որ առայժմ պարզ չէ` բոյկոտելո՞ւ են նիստի աշխատանքները, թե՞ ոչ: «Միասնական որոշում չունենք: Հավանաբար այս երկու օրերին պարզ կլինի, թե ինչ ենք անելու»,- ասաց Զ. Փոստանջյանը: Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կայացրած որոշումը` անկախ նրանից, թե ինչպիսին կլինի, ընդունելի է լինելու նաեւ իր համար, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Չէ, դեռ խորհրդակցություններ են ընթանում, թե ինչ ձեւաչափով ճիշտ կլինի արտահայտել մեր դիրքորոշումը: Դեռ խորհրդակցում ենք»:
Արտաքին քաղաքականության հարցերով ԼՂՀ Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե ԵԽ ԽՎ-ում ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովին նորմալ կվերաբերվի, եթե դրա աշխատանքներին լիիրավ մասնակցություն ունենան նաեւ պատգամավորներ ԼՂՀ խորհրդարանից: Ի պատասխան դիտարկմանը, թե ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դ. Հարությունյանը դեմ է նման ձեւաչափին` հայտարարելով` «միշտ փորձ է արվում հավասարության նշան դնել ԼՂՀ իշխանությունների եւ ինչ-որ համայնքի ինչ-որ ներկայացուցչի միջեւ», Մ. Մայիլյանն ասաց. «Խոսքը առանձին մասնակցելու մասին է, ոչ թե ՀՀ պատվիրակության կազմում ներգրավվելու: Եթե այնտեղ լինելու են պատգամավորներ Ադրբեջանից եւ Հայաստանից, պետք է լինեն նաեւ Արցախից: Բոլորը պետք է հավասար ներկայացված լինեն: Իսկ եթե նրանք չեն լինելու, ուրեմն դա պրոպագանդիստական նպատակներ է հետապնդում, եւ ավելի լավ է մի ձեւով ճնշում գործադրեն, որպեսզի հակահայկական փաստաթղթեր չընդունվեն: Ձեւը պետք է գտնեն, բայց եթե մասնակցելու են, ճիշտ կլինի, որ երեք կողմի խորհրդարաններից էլ պատգամավորներ ներկայացված լինեն»: Մ. Մայիլյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ ԼՂՀ խորհրդարանի ներկայացուցիչների մասնակցությունն այդ նիստին իրատեսական չէ. «Նախադեպեր կան, երբ ԵԽ-ն Արցախի այն ժամանակվա Գերագույն խորհրդի նախագահի կամ պատգամավորների մասնակցությամբ լսումներ է անցկացրել»: Հարցին, թե իր կարծիքով` ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ` մասնակցե՞լ այդ նիստին, թե՞ բոյկոտել այն, Մ. Մայիլյանը պատասխանեց. «Եթե այդ բոյկոտը նպաստելու է, որպեսզի որեւէ փաստաթուղթ չընդունվի, ուրեմն` ճիշտը բոյկոտելն է: Իսկ եթե առանց իրենց նոր փաստաթուղթ է ընդունվելու, ուրեմն` պետք է միջոցներ ձեռնարկեն այն կանխելու համար: Հանձնաժողովի մյուս պատվիրակների, անդամների հետ պետք է աշխատեն, որպեսզի բացառվեն նման զարգացումները»:
Իսկ քաղաքական վերլուծաբան, արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով` դժվար է ենթադրություններ անել, թե ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը ինչ մոտեցումների հիման վրա կարող է բոյկոտելու որոշում կայացնել, եւ արդյո՞ք նրանք նման քայլով ցանկանում են ճնշում գործադրել ԵԽ ԽՎ-ի վրա: Դիտարկմանը, թե ենթահանձնաժողովի նպատակը տարեվերջին բանաձեւի նախագիծ ընդունելն է, Դ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարզ է, բայց ես չգիտեմ, թե մեր պատվիրակությունն ի՞նչ նպատակ ունի: Հասկացանք, որ հիմա մտածում են` բոյկոտե՞լ, թե՞ չբոյկոտել, բայց ընդհանրապես բոյկոտելը կոնկրետ նպատակներ է ունենում: Բոյկոտում են` ճնշում գործադրելու նպատակով, կա՛մ սպառնում են բոյկոտել: Երկրորդ` բոյկոտում են, որովհետեւ ազդեցության որեւէ լծակ չունեն, եւ այն ձեւակերպումները, որոնք պետք է լինեն այդ բանաձեւում, դրանք իրենց տեսանկյունից նպաստավոր չեն ԼՂՀ հիմնահարցի հետ կապված գործընթացներում: Երրորդ` բոյկոտում են, որովհետեւ ուղղակի ի վիճակի չեն, կարող չեն… Տարբեր պատճառներ կան, իսկ ես չգիտեմ, թե մեր պատվիրակությունն ինչու է նման հարց քննարկում»: