ՀՀՇ-ի ականջները՝ հիմա էլ վարչապետի հետեւից

05/11/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

«ՀՅԴ-ն ստեղծվել է, որպեսզի Հայաստանն ու հայ ժողովուրդը գոյություն ունենան եւ կարողանան զարգանալ»,- ՀՅԴ 115-ամյակի առթիվ երեկ Հայաստանի Ամերիկյան համալսարանում հրավիրված գիտաժողովի շրջանակներում նման բացահայտում արեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Եթե չլիներ նախորդ 100 տարվա անցյալը, միայն անցած 15 տարիների մեր գործը բավարար է, որ մենք հպարտորեն կարողանանք բաց ճակատով մեր ժողովրդի առջեւ կանգնել»,- գիտաժողովի բացման խոսքում կարծիք հայտնեց Հ. Մարգարյանը: Նրա խոսքերով՝ ՀՅԴ-ն անցյալի հացը չէ, որ փորձում է այսօր ուտել: «Մենք այն հացն ենք ուզում ուտել, որը հենց այսօր թխում ենք»,- մանրամասնեց Հ. Մարգարյանը: Իսկ այդ հացը ՀՅԴ-ն թխել է Լեռնային Ղարաբաղում, թխում է Ջավախքում, Երեւանի կենտրոնում, եւ թխում է «ժողովրդավարության համար նոր Սահմանադրությունը ստեղծելու եւ անցկացնելու համար»: Վերջինը՝ Սահմանադրությունը Հ. Մարգարյանն առաջնային խնդիր է համարում: Բացման խոսքից հետո զեկուցումով հանդես եկան ութ պատմաբաններ, որոնք իրենց զեկույցներով փորձում էին «Խորհրդային 70 տարվա հակադաշնակցական, միտումնավոր նենգափոխված պատմությունն» այսօր ներկայացնել այնպես, ինչպես կա: Ընդ որում, սկսեցին «ՀՅԴ գաղափարախոսության համամարդկային ակունքներից», նրանից, թե ինչպես էին ՀՅԴ հիմնադիրները Կանտ ուսումնասիրում, պարզելու համար, թե մարդը միջո՞ց է, թե՞ նպատակ: Զգացվում էր, որ զեկուցումները կառուցվել էին այնպես, որ հանկարծ մեկի մտքով չանցնի, թե ՀՅԴ-ն ինքնագովեստով է զբաղվում, եւ նրանցում մեկ-մեկ մի քիչ էլ ՀՅԴ անցյալի գործունեությանը վերաբերող քննադատանման նախադասություններ էին հնչում: Ամենահետաքրքիրը, թերեւս, պատմական գիտությունների դոկտոր Արարատ Հակոբյանի զեկույցն էր՝ «ՀՅԴ խորհրդարանական գործունեությունը 1918-20թթ.» թեմայով: «Այն ժամանակ անկախ եւ միացյալ Հայաստանի գաղափարն իրականանալի էր: Բայց չգիտեմ՝ մեր ժողովրդի ճակատագի՞րն էր, թե՞ ինչ էր, վերջը մեզ հասցրեց այս օրվան: Այդուհանդերձ, մեր նպատակն անկախ եւ միացյալ Հայաստանն է՝ անկախ այսօր դա իրականացնելու հնարավորություններից»,- իր զեկույցում նշեց Ա. Հակոբյանը: Հետո պատմական գիտությունների դոկտորը սկսեց թվարկել, թե այն տարիներին ինչ լավ նպատակներ ունեին ՀՅԴ ղեկավարները, բայց հետո նրա խոսքից պարզ դարձավ, որ սրիկա իրադարձությունները որոշեցին այլ կերպ ընթանալ ու ամեն ինչ փչացրեցին: Անդրադարձ եղավ նաեւ ղարաբաղյան հակամարտության խնդրի առաջացման սկզբնաղբյուրներին, եւ պատմական գիտությունների մեկ այլ դոկտոր՝ Համլետ Հարությունյանը, շեշտեց, որ հենց 1918-20 թվականներին էր, որ Լեռնային Ղարաբաղը դարձավ վիճելի տարածք: Վերջում էլ ՀՅԴ վերջին 15 տարիների գործունեությունն ամփոփեց ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Լեւոն Մկրտչյանը: Վերջինս հարկ համարեց նշել, որ դեռեւս վաղ է գնահատական տալ վերջին տարիների ՀՅԴ գործունեությանը, քանի որ այդ փուլը դեռեւս ավարտված չէ, եւ «չգիտենք, թե գործընթացն ուր է տանելու»: Լ. Մկրտչյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության հռչակման հարցում «ՀՅԴ զգուշավորությանը»: Նրա խոսքերով՝ սփյուռքում գտնվող քաղաքական պատասխանատվություն ունեցող ուժերը գիտակցում էին, որ արցախյան ազգային-ազատագրական պայքարի շրջանակներում 1988-ին տեղի ունեցող խաղաղ հանրահավաքները վերաճելու էին զինված ընդհարման:

«Բայց ժողովուրդն անպատրաստ էր, ժողովուրդը զինված չէր, ժողովուրդը դեռեւս հոգեբանորեն չէր պատկերացնում, որ Խորհրդային Միության տարածքում ունենալու է ազգային-ազատագրական պայքար: Սա ժամանակի իմաստով կարող էր մեծագույն վտանգ հանդիսանալ եւ՛ Արցախի խնդրի համար, եւ՛ Հայաստանի ապագայի համար: Դա էր պատճառը, որ քաղաքական փորձ ունեցող, ծանրակշիռ քաղաքական ուժերն իրոք փորձում էին չշտապել, գունավորել իրավիճակն ու այդ գունավորման մեջ փորձում էին իրականացնել հավասարակշռված քաղաքականություն»,- նման գունավոր ձեւով ՀՀ անկախության հռչակման հարցում ՀՅԴ «զգուշավորությունը» բացատրեց Լ. Մկրտչյանը:

ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ՝ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանն էլ, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ ՀՅԴ-ն գովասանքի կարիք չունի, քանի որ կա ու պետք է լինի: «Չմոռանանք, որ մենք կոչված ենք հայ ժողովրդի համար արդարություն ապահովելուն»,- ավելացրեց Վ. Հովհաննիսյանն ու մանրամասնեց, որ այդ արդարությունն ապահովելու մեջ մտնում է ոչ միայն հայ ժողովրդի «պատմական իրավունքների վերականգնումը», այլեւ այդ իրավունքների վերականգնումն իրենց Հայրենիքում՝ Հայաստանում: ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ օրերս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի արած այն հայտարարությանը, թե ազգային գաղափարախոսությունն այն չէ, որ, ասենք, «Ստամբուլը դարձնենք արյան ծով» կամ Ջավախքն ու այլ տարածքներ միացնենք Հայաստանին: Վարչապետի կարծիքով՝ նման հայտարարություններն արվում են ոչ թե ազգայնականությունից, այլ ազգայնամոլությունից դրդված: «Մի քանի տարի առաջ էլ կային գործիչներ, որ Արցախի մասին էլ էին նման ձեւով խոսում: Նույն ոճով ասում էին, որ ազգայնամոլություն է ՀՅԴ կողմից Արցախն այդպես ամբողջատիրական մակարդակով պահանջելը: Տեսանք ինչ դուրս եկավ»,- վարչապետին հեռակա կարգով հակադարձեց ԱԺ փոխխոսնակը: «Կարծեմ նա ասել է նաեւ, որ մենք դարերով ազգայնական ուժերի պատճառով ենք հողեր կորցրել: Մեր հողերն ու ընդհանրապես հայ ժողովրդի բոլոր կորուստները ոչ թե ինչ-որ ազգային շարժումների արդյունք են եղել (իմիջիայլոց, դա տիպիկ ՀՀՇ-ական տեսակետ է, այլ այն ապիկար գործիչների, որոնց գործունեության արդյունքում մեր ժողովուրդը դադարել է վստահել ու հավատալ սեփական պետությանը»,- վարչապետին ուղղված իր հեռակա պատասխանը շարունակեց Վ. Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքերով՝ դա հասկանալու համար պետք է ոչ թե փիլիսոփայել, այլ` կարդալ հայ պատմիչներին: Իսկ այն մարդկանց, ովքեր քաղաքական ուժերի «ազգային մոտեցումների» մասին պատկերացումներ կազմելու համար ուսումնասիրում են երգերն ու ժողովրդական բանահյուսությունը, Վ. Հովհաննիսյանը, առնվազն ՀՅԴ մասով կարող է տրամադրել շատ ավելի լուրջ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունը, նրա կարծիքով, կհստակեցնի պատկերացումները, «հատկապես այն կազմակերպության համար, որոնք այդ նույն երգերում գովաբանված հերոսներից մեկի գրությունների վրա հիմնել են իրենց ամբողջ գաղափարախոսությունը»: «Նման հայտարարությունների մեջ կա թերարժեքության կոմպլեքսի էլեմենտ, որովհետեւ ժողովուրդը բոլոր կուսակցությունների մասին չէ, որ երգեր է գրել»,- վարչապետի հայտարարությանն իր արձագանքն այսպես եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: