Ստորագրահավաք

15/06/2011

Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհելու պահանջով Կոնսերվատորիայի դիմացի այգում կազմակերպվել է բաց ստորագրահավաք: Այն կազմակերպել է Հայազն երիտասարդների միաբանությունը, որը Facebook սոցիալական ցանցում մի քանի օր առաջ պահանջով ստորագրահավաք է անցկացրել: Միաբանության նպատակն է վիրտուալ ստորագրությունները թղթի վրա անցկացնել, ինչի կապակցությամբ էլ նախաձեռնել է ստորագրահավաքը: Ստորագրությունները համապատասխան տեքստի հետ կուղարկվեն նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահին ուղղված նամակում միաբանության ներկայացուցիչները գրել են. «Մենք` ներքոստորագրյալներս, բարձր ենք գնահատում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սէֆիլյանի դերը մեր ազգային ինքնագիտակցության ամրապնդման, մեր հայրենասիրական դաստիարակության գործընթացում եւ խնդրում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հաշվի առնելով մեր կարծիքը,… Սէֆիլյանին տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»: