Գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով՝ այս ոլորտին արտոնյալ վարկեր տրամադրելու ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նախօրեին լրագրողներին ասել է, որ ընդհանուր առմամբ, առեւտրային բանկերի կողմից 12 հազար գյուղացիական տնտեսությունների տրամադրվել է 7,5 մլրդ դրամի արտոնյալ վարկ: Վարկի միջին չափը կազմում է 625 հազար դրամ: ԿԲ նախագահը նշել է, որ ծրագիրը սկսվել է ապրիլի մեկից, եւ գյուղացիների մոտ մեծ ակտիվություն է նկատվում: Կա եւս 100 մլն դրամի փաթեթ, որն ուսումնասիրվում է, եւ դրանք եւս կհասնեն վարկառուներին:
«Վարկերը բավականին փափուկ պայմաններով են տրամադրվել»,- նշել է Ա.Ջավադյանը։ Հիշեցնենք, որ վարկերը գյուղացիներին տրամադրվում են 14% տոկոսադրույքով, որից 4%-ը սուբսիդավորում է պետությունը (սահմանամերձ եւ բարձրլեռնային` առավել կարիքավոր շուրջ 225 համայնքներում, սուբսիդավորումը կազմում է 6 տոկոս)։ Բացի այդ, վարկառուներին տրամադրվում է վարկերի մարման արտոնյալ ժամկետ` 6 ամիս, որի ընթացքում չեն կատարի ոչ մայր գումարից վճարումներ, ոչ տոկոսների վճարումներ:
Ա.Ջավադյանը տեղեկացրել է նաեւ, որ աշնանը նախատեսվում է սկսել ծրագրի երկրորդ փուլը: Ներկայումս ԿԲ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ այդ հարցով բանակցություններ են ընթանում: Երկրորդ փուլն ամենայն հավանականությամբ կսկսվի օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, որպեսզի վարկերն օգտագործվեն նպատակային՝ գյուղատնտեսության համար, ոչ թե կենցաղային կարիքները հոգալու:
Մենք մի առիթով արդեն գրել էինք, որ այդ վարկերի շուրջ առաջացած էյֆորիան, ըստ էության, հիմքեր չունի, թեկուզ այն պատճառով, որ վարկով մեր երկրում հնարավոր չէ ինչ-որ լուրջ զարգացում ակնկալել։ Արթուր Ջավադյանի նախօրեին կայացած ասուլիսից պարզ երեւաց, որ մեր իշխանություններն այնքան էլ անկեղծ չեն, երբ ասում են, որ ցանկանում են գյուղացուն օգնել։ Հիմնավորենք ասվածը։ Այսպես, հունիսի 5-ին տեղացած հորդառատ անձրեւն ու դրան հաջորդած ուժգին կարկուտը մեծ չափերի վնաս են հասցրել Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի 10 եւ Արմավիրի տարածաշրջանի 19 համայնքների: Կան համայնքներ, որոնց կրած վնասի չափերը, նախնական տվյալներով, հասնում են 100 տոկոսի: Վնասն այնքան լուրջ էր, որ կարկտահարությունից տուժած համայնքներ են այցելել եւ տեղերում գյուղացիական տնտեսությունների կրած վնասի չափերին են ծանոթացել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Տուժած գյուղացիների մի մասն արդեն վերցրել է գյուղատնտեսական վարկեր եւ այժմ հայտնվել է փաստի առաջ, քանի որ բերքը ամբողջությամբ փչացել է, եւ վարկերը մարելու հնարավորություն չկա։ Ինչպես գրել էր panorama.am-ը, հղում անելով Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հերմինե Վարդանյանին, նախատեսվում է նաեւ մեկ տարով սառեցնել կարկտահարությունից տուժած գյուղացիների վարկերի մարումը:
Սակայն երեկ ի չիք դարձան բոլոր նրանց հույսերը, ովքեր հավատում էին կառավարության սրտացավությանն ու սպասում, որ իրենց վարկերի հարցը դրական լուծում կստանա։ ԿԲ նախագահը հայտարարել է, որ թե՛ ԿԲ-ն, թե՛ առեւտրային բանկերի բաժնետերերը դեմ են վարկերի վերակառուցմանը (այսինքն՝ արդեն իսկ հաստատված պայմանների փոփոխությանը)։ Փոխարենը` Ա. Ջավադյանը խորհուրդ է տվել գյուղացիներին` ամբողջությամբ փակել վերցրած վարկերն ու նոր վարկ վերցնել՝ ավելի երկար ժամկետով եւ ավելի փափուկ պայմաններով։ Իսկ թե խեղճուկրակ գյուղացին որտեղի՞ց պիտի գումար ճարի վարկը փակելու համար, եթե անգամ ամսական վճարումները չի կարողանում կատարել, դա, բնականաբար, ԿԲ-ի խնդիրը չէ։ Մեծ հաշվով, իհարկե, գյուղատնտեսությունն ընդհանրապես ԿԲ-ի խնդիրը չէ, եւ լիովին հասկանալի է, որ նրանք չեն ուզում խախտել ընդունված խաղի կանոնները, ընկնել ավելորդ գլխացավանքի մեջ (չնայած ճգնաժամային տարում ԿԲ-ն նման բացառության գնաց՝ առեւտրային բանկերին թույլ տալով չդասակարգել ժամկետանց վարկերը եւ կատարել վերաֆինանսավորում)։ Այս դեպքում երեւի խնդիրն այնքան մեծ չեն համարում, որ բացառություններ անեն։ Ամեն դեպքում, սա ցույց է տալիս պետության (կապ չունի` ԿԲ-ի՞, թե՞ կառավարության) իրական վերաբերմունքը գյուղացու հանդեպ։ Չէ՞ որ նրանք ոչ թե օգնություն են խնդրում, այլ ժամանակավոր դադար։ Պահանջվածն ընդամենը տեխնիկական լուծում էր, որը, սակայն, մերժվեց։