Նաեւ «Ա1+»-ը

15/06/2011

Մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար` «Հերդ Բուցերիուս. Արեւելյան Եվրոպայի Ազատ մամուլ» մրցանակը այս տարի շնորհվել է նաեւ «Ա1+» կայքին: Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է Օսլոյում, Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում: Հայկական ինտերնետային կայքը մեկն է այն վեց մրցանակակիրներից, որոնց ընտրել է 8 հոգանոց անկախ ժյուրին բազմաթիվ թեկնածուներից: «Ա1+»-ի թեկնածությունը առաջադրել են Օսլոյի Մարդու իրավունքների տունը եւ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն: Fritt Ord (Օսլո) եւ ZEIT (Համբուրգ) հիմնադրամների որոշմամբ այս տարի Խոսքի ազատության մրցանակին են արժանացել Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Բելառուսը ներկայացնող 4 լրագրող, ռուսական «Չեռնովիկ» շաբաթաթերթը(Դաղստան) եւ «Ա1+» կայքը: Օսլոյում հավաքվել են այս եւ նախորդ տարվա մրցանակակիրները, հիմնադրամների ներկայացուցիչները, ժյուրիի անդամները: Ժյուրիի անդամ, նորվեգացի լրագրող Գրո Հոլմը «Ա1+»-ին ասել է, որ իրեն ուղղակի զարմացրել է հանգամանքը, թե ինչպես «Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկումից հետո արագորեն դարձավ առաջատար օնլայն լրատվամիջոց եւ ինչպես է հիմա «վերադառնում» արմատներին` դառնալով արդեն ինտերնետային հեռուստատեսություն: «Ա1+»-ին այս մրցանակը շնորհելու համար ժյուրին հաշվի է առել մի շարք չափանիշներ, այդ թվում` այն, որ լրատվամիջոցը լուսաբանում է ընդդիմության գործողությունները, կառավարության, խորհրդարանի, հասարակական կազմակերպությունների աշխատանքը, ներկայացնում տարբեր գնահատականներ եւ տեսակետներ, ապահովում ինտերնետ հեռարձակում: Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի լրատվամիջոցների եւ լրագրողների շրջանում 2000թ.-ից ի վեր:

Հայկական լրատվամիջոցներից «Ա1+»-ն առաջինն է, որն արժանանում է այս մրցանակին: Հայաստանից, որպես անհատ լրագրողներ` այս մրցանակին արժանացել են Մարիաննա Գրիգորյանը եւ Էդիկ Բաղդասարյանը: