«Նրանք ուշադիր հետեւում են ՀՀ ներքաղաքական զարգացումներին` որպես տարածաշրջանում առանցքային դերակատարություն ունեցող տերություն: Բնականաբար, շահագրգռված են, որ, ինչպես ՀՀ ներքին քաղաքական պրոցեսների հետեւանքով, այդպես էլ տարածաշրջանային գործընթացներում ապահովեն ՌԴ շահերը, կայունությունը եւ խաղաղությունը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե ՌԴ-ում ինչպես են վերաբերվում ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումներին: Հիշեցնենք, որ անցած շաբաթ նա Մոսկվայում էր, եւ ռուսական թերթերից մեկի համաձայն` հանդիպումներ է ունեցել «ՌԴ քաղաքական շրջանակների հետ»: Լ.Զուրաբյանը բացառել է, որ ՌԴ-ն կարող էր ազդեցություն ունենալ ՀԱԿ-իշխանություն երկխոսության հետաձգման կամ չկայացման հարցում: «Չեմ կարծում, որ նման բան լիներ: Սա ավելի շատ կապված է իշխանությունների ճամբարում նկատվող անորոշության հետ: Ըստ երեւույթին, դեռ չեն կողմնորոշվում զիջումների աստիճանի վերաբերյալ»,- ասել է նա: