Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի շրջանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն սկսվել են համամասնական ցուցակների շուրջ ներքին քննարկումները: Դրանք դեռեւս նույնիսկ ներկուսակցական մակարդակում չեն հրապարակվում եւ ընթանում են հիմնականում փոքր խմբերում: Ավելի պարզ ասած` մի կողմից` գործող իշխանական պատգամավորների մեծ մասը, մյուս կողմից` նման հավակնություններ ունեցողները ճանապարհներ են փնտրում իրենց իսկ ղեկավարության «դաբրոներին» արժանանալու համար: Դա առաջին հերթին վերաբերում է ՀՀԿ-ին, որը, ինչպես հայտնի է` ցանկանում է հաջորդ ԱԺ-ում ներկայանալ «թարմ» դեմքերով: Այսօր ՀՀԿ շարքերում ընթացող «դեբատները» վերաբերում են հենց այդ հարցին, քանի որ իշխանության վերնախավում որոշել են, որ ապագա խորհրդարանում գործարար եւ մականունավոր պատգամավորներ կամ չպետք է լինեն, կամ նրանց թիվը պետք է հասնի նվազագույնի: Ըստ էության, որոշվել է նաեւ, որ վերջիններիս պետք է փոխարինեն «ներկայանալի», «կիրթ», «ժամանակակից», «ինտելեկտուալ» երիտասարդները, ավելի պարզ ասած` գլամուրային ջահելները: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ արտաքուստ «ներկայանալի» թվացող այդ կարիերիստ երիտասարդների մեծ մասը, հասկանալի պատճառներով, իրականում շատ ավելի վտանգավոր կարող է լինել ինչպես նույն իշխանության, այնպես էլ պետության համար, քանի որ, ինչպես ընդունված է ասել ժողովրդական լեզվով` մարդկանց այդ տեսակը «անհայրենիք» տեսակ է: Ասվածն ամենեւին չի նշանակում, թե օլիգարխները կամ մականունավորներն ավելի գերադասելի են: Սակայն իշխանության որոշածը նրանցից ազատվելու, մեղմ ասած, լավագույն տարբերակը չէ: Իսկ տեսականորեն` արդար ընտրությունների անցկացման դեպքում, «նոր երիտասարդներն» ԱԺ-ում կարող են փոքրամասնություն կազմել: Այդ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով: