Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ ստեղծվել է բավականին լարված, չի բացառվում նաեւ` հայկական կողմի համար վտանգավոր իրավիճակ:
Բանն այն է, որ հունիսի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո հնչեցին հայտարարություններ, որոնք այս անգամ արդեն կոնկրետ սպասումներ են առաջացրել: Նախ` ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը նույն օրը հաղորդագրություն էր տարածել, թե «քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները»: «Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ գագաթաժողովի ժամանակ»,- նշված էր հաղորդագրության մեջ:
ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում նման լավատեսական հայտարարություն հազվադեպ է լինում: Հայկական կողմի այս լավատեսությանն ավելացավ ադրբեջանական հայտարարությունը, թե որոշ հարցերում առաջընթաց արձանագրվել է, բայց հարցեր կան, որոնց դեպքում տեղաշարժ չի եղել: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սլովենիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ «ղարաբաղյան խնդրի կարգավորման համար այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել»: Դժվար է հիշել նաեւ ԼՂՀ հարցի կարգավորման որեւէ փուլ կամ որեւէ հայտարարություն, երբ հայկական ու ադրբեջանական կողմերի մոտեցումներն այդքան մոտ լինեն: Եվ այս բոլոր հայտարարություններն առաջին հայացքից սպասում են առաջացնում, որ առաջիկայում հակամարտության կարգավորման գործընթացում որեւէ առաջընթաց կգրանցվի, կամ որեւէ քայլ կկատարվի: Իսկ նման հայտարարություններ կամ տրամադրություններ ստեղծելու համար հիմք էր հանդիսացել մայիսի վերջին արված դովիլյան հայտարարությունը: Հիշեցնենք, որ Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեցին, թե ԼՂՀ հակամարտության կարգավորման հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի համաձայնության հասնելու` կողմերի հանձնառությունը: Եվ սպառնալիքի նման այս հայտարարությունից հետո կողմերը ստիպված էին որեւէ «առաջընթաց» արձանագրել, ինչի մասին էլ շաբաթ օրը հայտարարեցին Հայաստանն ու Ադրբեջանը: Եվ հիմա քանի որ ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ հիմնարար սկզբունքների նախագիծը կքննարկվի Կազանում` արդեն Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիեւ, Դմիտրի Մեդվեդեւ հանդիպման ժամանակ, կարելի է ենթադրել, որ ինչ-որ փաստաթուղթ այնուամենայնիվ այնտեղ կստորագրվի: «Վտանգներ կան փաստաթուղթ ստորագրելու առումով, եւ կուզենայի հավատալ, որ ՀՀ իշխանություններն այնքան խոհեմություն ունեն, որ այդ փաստաթուղթը չի վերաբերվի Մադրիդյան առաջարկներին նախնական համաձայնություն տալուն»,- հույս է հայտնում «Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ ավելացնում, թե միգուցե կողմերը ոչ թե կարգավորման մասին փաստաթուղթ, այլ պարզապես որեւէ հայտարարություն կստորագրեն:
Հիշեցնենք, որ դովիլյան հայտարարությունից հետո էլ Վիեննայում այս խնդրին անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հայտարարել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության, որ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը դրա վկայությունն է: Նրա խոսքերով` «հայկական կողմը համաձայն է այն հիմնական դրույթների հետ, որոնք առկա են այդ հայտարարության մեջ, եւ պատրաստ է քաղաքական կամք դրսեւորել ու արագ համաձայնության գալ»: «Մեր տեսանկյունից, դրա համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները: Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք եւ պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիր, որը բազա կհանդիսանա հետագա բանակցությունների համար»,- ասել էր ՀՀ վարչապետը:
Մի խոսքով, բացառված չէ, որ Կազանում ԼՂ կարգավորման գործընթացում որեւէ բեկում արձանագրվի: «Հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանն ասաց, թե հանգուցալուծումը մոտ է: Եվ կրկին Նալբանդյանը, Մամեդյարովն ու Տ.Սարգսյանը հայտարարություններով եկան հաստատելու, որ Կոնգրեսի գնահատականը ճիշտ է: Կարծում եմ, որ Կազանում Դ.Մեդվեդեւը փորձ է անելու մոտեցնել կողմերի միջեւ եղած վերջին տարաձայնությունները եւ ստորագրել տալ փաստաթուղթ: Այլեւս որեւէ կասկած չկա: Եվ հաշվի առնելով այն, որ կողմերը մոտեցրել են դիրքորոշումները, հավանականությունը բավականին մեծ է, որ դա Մեդվեդեւին կհաջողվի, եւ փաստաթուղթը կստորագրվի»,- ասում է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն` ավելացնելով, որ խոսքը ԼՂՀ կարգավորման հիմնարար սկզբունքների մասին է:
Ամեն դեպքում ՀՀ ողջ քաղաքական դաշտն այժմ սպասում է, թե հունիսի 25-ին Կազանում Ս.Սարգսյանն ու Ի.Ալիեւն ինչ կստորագրեն` ԼՂՀ կարգավորման հիմնարար սկզբունքների՞ն վերաբերող փաստաթուղթ, թե՞ որեւէ հայտարարություն` ասենք, սադրանքները վերացնելու, վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու մասին: Կամ ընդհանրապես Դ.Մեդվեդեւին կհաջողվի՞ որեւէ լուրջ փաստաթղթի համար ստանալ Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրությունները: Սպասումներ կան, որ միգուցե ստորագրվի ուժի չկիրառման մասին հայտարարություն, ինչից խուսափում է Ադրբեջանը: Ամեն դեպքում կազանյան հանդիպմանը նախորդած բոլոր իրադարձությունները վկայում են, որ Ս.Սարգսյանին ու Ի.Ալիեւին դժվար թե հաջողվի, կամ մեծ դժվարությամբ կարող է հաջողվել խուսափել որեւէ փաստաթղթի ստրագրումից: «Դովիլյան հայտարարությունը 2 նախագահներին հստակ ուղերձներ էր պարունակում, որ նրանք նախկինում հանձնառություն են ստանձնել կարգավորման հասնելու համար ստորագրել այդ սկզբունքների տակ: Եվ եթե որեւէ բան չանեն, դա կնշանակի, որ նրանք խուսափում են իրենց հանձնառությունից: Եվ հիմա 2 կողմերին ոչինչ չի մնում, քան նման անհիմն լավատեսական հայտարարություններ անելը` ուղղակի ցույց տալու համար, որ իրենք համաձայն են ինչ-որ բաների` բայց, հոգու խորքում ունենալով միանգամայն այլ հաշվարկներ»,- ասում է Ս.Սաֆարյանը:
Դովիլյան հայտարարությունը կարծես թե դամոկլյան սրի նման կախվել է երկու երկրների իշխանությունների վրա: Եվ հիմա դժվար է պատկերացնել, թե այդ որ հարցերի շուրջ են դիքորոշումները մոտեցել: Հայտնի է, որ կողմերի հիմնական վիճելի հարցը ԼՂՀ կարգավիճակի` այնտեղ հանրաքվե անցկացնելու ժամկետի որոշման մեջ էր: Ադրբեջանը ցանկանում էր, որ դա կազմակերպվի ԼՂ հարակից շրջանները վերադարձնելուց եւ փախստականների վերադարձից երկար կամ անորոշ ժամանակ հետո: Բնականաբար, հայկական կողմը ցանկանում էր դա անել հնարավորինս կարճ ժամկետում: Արդյո՞ք այս հարցի շուրջ դիրքորոշումները մոտեցել են, պարզ չէ: Բայց քանի որ երկու երկրներում էլ առաջիկայում ընտրություններ են սպասվում, համանախագահող երկրները երկու կողմերի վրա ազդելու եւ նրանց դիրքորոշումները մոտեցնելու մեծ լծակներ ունեն: Միգուցե սա այն տարբերակն է, որ կողմերին պարզապես որեւէ լուծում պարտադրեն: