Վանոն պետք է բոլորիս

13/06/2011

«Եթե Սերժ Սարգսյանն իրոք քաղաքական հանդուրժողականության կրող է, պարտավոր է հայրենիք վերադարձնել Վանոյին»,- Livejournal-ի իր բլոգում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Վանոյի վերադարձն առաջին հերթին մեզ է պետք» վերնագրի ներքո: «Վանոյի մասին գրառումս ոմանք լավ չեն հասկացել կամ էլ չեն ուզեցել հասկանալ: Ես չեմ ասում, թե Վանոն իդեալական ու անթերի է: Ես ասում եմ, որ նա տեսակ է` իր քաղաքական խոսքով, գրիչով, միայն իրեն բնորոշ խառնվածքով: Վանոն մեղավոր է, թե` ոչ, ցույց կտա ժամանակը: Դատարանի խնդիրն արդարությունը չէր, այլ` կոնկրետ մարդուն դատապարտելը, կոնկրետ ժամանակաշրջան սեւացնելը։ Դա արդարադատություն չէ, դա հաշվեհարդար է: Ու եւս մեկ անգամ կրկնեմ` եթե Սերժ Սարգսյանն իրոք քաղաքական հանդուրժողականության կրող է, պարտավոր է հայրենիք վերադարձնել Վանոյին: Դա պետք է քաղաքական որոշում լինի: Եվ այդ քաղաքական որոշումն առաջին հերթին երկրին ու մեզ է պետք, հետո նոր` Վանոյին: Մենք պետք է ապացուցենք, որ հարգալից վերաբերմունք ունենք պետության ստեղծման շրջանի, այդ գործընթացի դերակատարների հանդեպ: Եթե այսօր մենք դա չարեցինք, վաղն անելու են գալիք սերունդները` մեզ մեղադրելով անՎանո հայրենիք հանդուրժելու, Վանոյին հայրենիքից զրկելու համար: Վանոն մեղավոր մահկանացու է` բոլորիս նման: Բայց Վանոն, ի տարբերություն մեզ, կոնկրետ մի շրջանի խորհրդանիշ է: Շրջան, որում թերություններից ու վրիպումներից զատ` նաեւ հաղթանակ է եղել, պետություն կայացել»,- գրել է Սուրենյանցը իր բլոգում, որտեղ նա «Վանոյին վերադարձնելու պահանջ» վերնագրով գրառում է թողել նախօրեին: Այդ գրառման մեջ նշված է. «Շատ լավ է, որ այլեւս քաղբանտարկյալներ չունենք: Բայց մի մարդ կա` մեր Շարժման ասպետը, որ մեզանից հեռու է: Խոսքս Վանո Սիրադեղյանի մասին է, որի բացակայությունը քաղաքական հետապնդման հետեւանք է: Կարծում եմ, որ պետության հեղինակության, մեր բոլորի արժանապատվության հարցը պետք է լինի Վանոյի դեմ սանձազերծված հետապնդման դադարեցումը, նրան հայրենիք վերադարձնելը: Վանոյի տեսակը, նրա գրիչը, խոսքը, խելառությունն էս երկրին պետք են»: