ՀԱԿ-ը սպառված չի համարում արտահերթ ընտրությունների շուրջ իշխանության հետ երկխոսություն սկսելու հնարավորությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «ՀԱԿ-ը շարունակում է սպասել Սերժ Սարգսյանի արձագանքին»,- նշել է նա: Հիշեցնենք, որ ՀՀԿ ամենատարբեր ներկայացուցիչներ այս օրերի ընթացքում բազմիցս հայտարարել են, որ ՀԱԿ-ի հետ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելը բացառում են, եւ որ իշխանության օրակարգում նման հարց գոյություն չունի: «Բոլոր մինչ այդ հնչած արձագանքները մեզ մեծ հաշվով չեն հետաքրքրում, որովհետեւ իշխանությունից որոշում կայացնող անձն է, որ պետք է արձագանք տա: Մենք հայտարարում ենք, որ ողջամիտ ժամկետ ենք տվել իշխանություններին, երբ որ մենք սպառված համարենք ողջամիտ ժամկետը, այդ ժամանակ մենք, բնականաբար, համապատասխան արձագանքով հանդես կգանք: Այս պահի դրությամբ իշխանությունները` ի դեմս Սերժ Սարգսյանի, դեռ ժամանակ ունեն այդ արձագանքը տալու համար»,- ասաց Մուսինյանը: ՀԱԿ-ը արդեն հայտարարել է իր հաջորդ հանրահավաքի օրը, այն կանցկացվի հունիսի 30-ին Ազատության հրապարակում: ՀԱԿ-ի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն: Հարցին, թե արդյո՞ք իշխանություններին տրված ողջամիտ ժամկետը կլրանա հունիսի 30-ին, Մուսինյանը պատասխանել է. «Վերջնաժամկետը հունիսի 30-ը չէ, 30-ը մեր հանրահավաքի օրն է: Առաջիկա օրերի եւ շաբաթների իրադարձություններն իրենք նաեւ որոշակի առումով վերջնական շտկումներ եւ սրբագրումներ կմտցնեն ինչպես ասելիքի շուրջ, կախված գործող իշխանության արձագանքից, այնպես էլ հանրահավաքի բովանդակության եւ նպատակների շուրջ»: