«2008թ. եւ այսօրվա Հայաստանի միջեւ հսկայական տարբերություն կա` այսօր Հայաստանի քաղաքացիները պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է ֆրանսահայ ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը: «2008թ. փետրվարի 19-ին կեղծված նախագահական ընտրությունների հաջորդ օրը տնից դուրս եմ եկել եւ չեմ վերադարձել: Ուրեմն 2008թ. փետրվարի 20-ից մինչեւ այսօր շատ կարեւոր երկու տվյալ կա, որով կարող եմ տալ իմ այս երեքուկես տարիների գնահատականը»,- ասել է նա: Ըստ Հացպանյանի, այս տարիներին եղած թիվ մեկ փոփոխությունն այն է, որ «2008թ. փետրվարի 20-ին Հայաստանում ավելի շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր ապրում, քան այսօր»: Հացպանյանի գնահատականով, մոտավորապես 200 հազար մարդ է լքել Հայաստանը: Իր ազատազրկման տարիների երկրորդ կարեւոր փոփոխությունը դրական է. «Լավը այն է եղել, որ 2008թ. փետրվարի 20-ի Հայաստանի եւ այսօրվա Հայաստանի միջեւ կա մի հատ շատ կարեւոր տարբերություն, որ քաղաքացիները, հասարակությունը իրենց քաղաքացիական իրավունքների համար պայքարելու ինչ-որ միջոց են ման գալիս արդեն: Այն ժամանակ ման չէին գալիս: Հիմա մարդիկ իրենց իրավունքներից, սահմանադրությունից քաջատեղյակ ձայն են բարձրացնում»,- ասել է նախկին քաղբանտարկյալը: «Այս երկու օրվա մեջ այնքան տեսա «վաճառվում է, վաճառվում է, վարձով է տրվում», որ շշմած եմ, անտանելի վիճակ է,.. ես մեռնում եմ դրանից, ամեն տեղ դա է` «վաճառվում է»… մտքովս անցավ` սա Հայաստանն է վաճառվում, ու հիշեցի ռուսների էդ խոսքը` Հայաստանն առանց հայերի»,- ազատության մեջ գտնված մի քանի օրերի իր տպավորությունն այսպես է ներկայացրել Սարգիս Հացպանյանը: Ստեղծված իրավիճակի համար Հացպանյանը մեղադրում է ոչ միայն իշխանությանը, այլեւ ընդդիմությանը: «Էդ ամբողջ հարցերը ես մեկ ամսվա մեջ կլուծեմ, երեսուն օր ժամկետ կտամ ժողովրդին հանրահավաքում, կասեմ` ես Ձեզ ասում եմ, չարեցի` ինքս ինձ կկախեմ: Ես ուզում եմ, որ ՀԱԿ-ը եւ նրան մաս կազմող կամ սատարող բոլոր քաղաքական կառույցներն այսպես շատ կարճ, շատ կոնկրետ ժամկետ տան, ասեն` այսօր այս ժամին, այս բանը չեղավ, սա է լինելու 24 ժամվա մեջ: Այսինքն` այնպես, ինչպես Թունիսում եղավ, ինչպես Եգիպտոսում եղավ, ինչպես Բահրեյնում եղավ: Էդ ոնց եղավ, որ Բահրեյնում մի միտինգ եղավ, որտեղ չէր էլ հավաքվել 10-12 հազար մարդ, շեյխը մի գիշերվա մեջ բաց թողեց 2000 քաղբանտարկյալներին, իսկ մեր մոտ մենք պետք է 3,5 տարի նստենք, ո՞նց, նորմա՞լ է սա»,- նշել է նախկին քաղբանտարկյալը, ում համար անընդունելի է նաեւ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու ընդդիմության ցանկությունը: Հացպանյանն այն կարծիքին է, որ անիմաստ է ընտրություններ պահանջել` անկախ նրանից, հերթակա՞ն են դրանք լինելու, թե՞ արտահերթ, եթե, միեւնույն է, ընտրությունները կեղծվում են: «Ի՞նչ տարբերություն` արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրություն, եթե դրանք կեղծվելու են: Խնդիրն այն է, մենք կարողանալո՞ւ ենք գողի ձեռքը բռնել, որ չգողանա, չկեղծի: Թող ինձ լիազորեն ընտրություններ անցկացնել, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեկ ժամվա մեջ կապահովեմ արդար ընտրություններ: Եվ ես դա կանեմ եվրոպացիների միջոցով… Հայաստանի Հանրապետությանը աուդիտ է պետք, եթե ՀՀ աուդիտ հիմա մեկը արեց, իշխանությունները երեւի ցմահ բանտարկված կլինեն: Աուդիտորն էլ պետք է դրսից լինի, որովհետեւ Հայաստանում վստահությունն արդեն սպառվել է»,- ասել է Հացպանյանը: