Ասում են՝ հայերը սիրում են լացել։ Մանավանդ հիմա։ Խոսքը վերաբերում է ոչ թե ազգովի լաց լինելուն, այլ, այսպես ասած, կենցաղային լացին։
Օրինակ՝ եթե հարցում արվի ՀՀ բնակչության շրջանում, եւ այդ հարցումը բաղկացած լինի ընդամենը մեկ հարցից՝ գործերդ ո՞նց են, ապա պատասխանների մեծամասնությունը կնմանվի իսկական ողբերգական պիեսի։
Սակայն, եթե կենցաղային բնույթի լացն ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ կարելի է բացատրել մարդու սուբյեկտիվ որակներով, ապա «կորպորատիվ լացը» (երբ բողոքում են ընկերությունները), շատ դեպքերում անընկալելի է։ Չէ, այնպես չէ, որ ընկերությունները բողոքելու իրավունք կամ պատճառներ չունեն։ Ունեն, իսկ Հայաստանում՝ առավել եւս ունեն։ Սակայն ոչ մի լուրջ ընկերություն, բողոքելով հանդերձ, չի ցանկանում հայտարարել, որ իր գործերը լավ չեն։ Հենց սա է անհատի եւ ընկերության տարբերությունը։ Անհատը բողոքում է, որ զրուցակիցն իրենից հանկարծ պարտքով փող չխնդրի։ Իսկ ընկերությունը, հակառակը, բողոքելուն զուգահեռ` աշխատում է եղածը մի բան էլ ավելի լավ ցույց տալ, որովհետեւ սպառողները վստահում են կայացած, կայուն եւ հաջողակ ընկերություններին։ Ասվածը վերաբերում է ֆինանսական ոլորտի ընկերություններին, որոնց համար մարդկանց վստահությունը հաջողության գլխավոր երաշխիքն է։ Հայաստանյան բանկերն, օրինակ, շատ լավ յուրացրել են այս կանոնը։ Անգամ ամենաթույլ բանկի ղեկավարը այնպես է խոսում, որ թվում է՝ գործ ունենք աշխարհի ամենահզոր բանկի հետ։ Դե պարզ է, ո՞ր ավանդատուն իր խնայողությունները կվստահի մի բանկի, որը խոստովանում է, որ շահույթ չի կարողանում ապահովել։ Այս կանոնը վերաբերում է ոչ միայն բանկերին, այլեւ ֆինանսական ոլորտի մյուս ընկերություններին՝ վարկային կազմակերպություններ, ներդրումային հիմնադրամներ եւ, իհարկե, ապահովագրական ընկերություններ։
Սակայն ապահովագրական ընկերություններն այս կանոնին վերապահումով են մոտենում։ Նրանք ոչ թե ուղղակիորեն բողոքում են, այլ հասկացնում են, որ իրենք սպասվածից ավելի քիչ են աշխատում։ Այսինքն՝ դժգոհ են։
Օրինակ՝ «Ռոսգոսստրախ Արմենիայի» գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը` լրագրողների հետ Ծաղկաձորում կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ նախընտրական շրջանում քաղաքական ուժերը փորձելու են շահարկել ԱՊՊԱ-ն, սակայն նման շահարկումները, ըստ Գ. Գրիգորյանի, ոչ տնտեսական, ոչ իրավական հիմքեր չունեն. որեւէ ապահովագրական ընկերություն գերշահույթ չի ստանում, ուստի խոսք գնալ չի կարող իբր ժողովրդի փողերը հավաքելու եւ վայելելու մասին: «Ռոսգոսստրախ Արմենիայի» տնօրենը նաեւ տեղեկացրել է, որ ապահովագրական գործունեությունը ծախսատար է. օրինակ` վարձակալվել են նոր տարածքներ, 15 տոկոս միջնորդավճար տրվում է վաճառող գործակալներին, աշխատանքի են ընդունվել բազմաթիվ անձինք` հայտերի սպասարկման, թեժ գծի սպասարկման եւ այլն:
Մինչ այդ նման տեսակետներ էին հայտնել նաեւ Հայաստանում գործող ապահովագրական մյուս ընկերությունները։ Ամենից շատ բողոքում էին, որ պատահարների թիվն իրենց կանխատեսածից մի քանի անգամ ավելի շատ է, ինչի դիմաց իրենք ստիպված են մեծ գումարների փոխհատուցումներ վճարել։ «ՌԵՍՈ»-ի տնօրեն Սամվել Գրիգորյանն էլ, օրինակ, հայտարարել էր, որ ԱՊՊԱ-ն` որպես ապահովագրական պրոդուկտ, ապահովագրության մնացած տեսակների համեմատ այնքան էլ գրավիչ չէ: «Դեպքերի քանակը եւ հատուցման գումարների ծավալները դա են ապացուցում, որ բիզնեսի տեսանկյունից սա այնքան էլ շահութաբեր չէ»,- ասել էր նա:
Ստացվում է՝ ապահովագրական ընկերությունները սխալվել են. մեծ գումարներ են ծախսել գովազդների վրա, մեծացրել աշխատակազմն ու ռեսուրսները, եւ հետո պարզվել է, որ պատահարները շատ են, եւ իրենք բավարար շահույթ չեն ստանում։ Իրո՞ք դա այդպես է։
Սկսենք նրանից, որ նույն «Ռոսգոսստրախի» սեփականատեր Դանիիլ Խաչատուրովը դեռ նախորդ տարի կանխատեսել էր գրանցված ՃՏՊ-ների թվի շեշտակի աճ։ Եթե այդ աճը շատ ավելին է եղել կանխատեսվածից, ապա սա պարզապես խոսում է այն մասին, որ ապահովագրական ընկերությունների կողմից այս դաշտում լուրջ վերլուծություն չի կատարվել։
Հիմա փորձենք պատկերացում կազմել փաստացի վիճակի մասին։ Դա, անկեղծ ասած, այնքան էլ հեշտ չէ, քանի որ ԱՊՊԱ-ի մեխանիզմը նոր է ներդրվել, եւ վիճակագրությունը լիարժեք չէ։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, որը, թերեւս, պետք է ամենաօպերատիվը լիներ այս հարցում, ընդհանրապես տեղեկատվություն չի պարունակում գրանցված ՃՏՊ-ների թվի, փոխհատուցումների մասին։ «Վիճակագրություն» բաժնում ընդհանրապես տվյալներ չկան։ Այդուհանդերձ, փոքրիկ հաշվարկ անելու համար կհիմնվենք նույն բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանի խոսքերի վրա։ Վերջինս մի առիթով ասել էր, որ այս տարվա հունվարից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել 3234 ապահովագրական պատահար, որոնց հանրագումարային փոխհատուցումը ԱՊՊԱ-ի մասով (վճարված կամ վճարման ենթակա) կազմել է 1130 մլն ՀՀ դրամ (ի դեպ, Ճանապարհային ոստիկանության տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է ընդամենը 191 պատահար)։
Եթե հունվարի 1-ից մինչեւ մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում՝ այսինքն 73 օրում, գրանցվել է 3234 պատահար, ապա նույն դինամիկայով շարունակվելու դեպքում տարվա վերջում (365 օրում) կգրանցվի 5 անգամ ավելի շատ՝ 16.170 պատահար։ Տրամաբանորեն՝ փոխհատուցումների գումարն էլ տարվա վերջին 5 անգամ ավելի շատ կլինի՝ 5 միլիարդ 650 հազար դրամ։ Այսինքն՝ տարվա վերջի դրությամբ ապահովագրական ընկերությունները վճարած կլինեն (կամ պարտավոր կլինեն վճարել) 5.6 միլիարդ դրամ։ Լավ, ենթադրենք` վարորդները սկսում են ավելի անկարգ վարել, շատանում է ՃՏՊ-ների քանակը, եւ փոխհատուցումների գումարը կազմում է 6 միլիարդ։ Հիշենք այս թիվը, որը պայմանականորեն կարելի է անվանել ապահովագրական ընկերությունների վնասի ցուցանիշ։ Սա՝ հիմնական ծախսերի մասով։ Հիմա անդրադառնանք եկամուտներին։ Այս պահին, ըստ տարբեր աղբյուրների, Հայաստանում միայն ԱՊՊԱ շուկայի ծավալը շուրջ 11 միլիարդ դրամ է։ Այսինքն՝ ապահովագրողները վարորդներից ստացել են այդքան գումար ԱՊՊԱ-ի գծով։ Այս դեպքում էլ թիվը կլորացնենք եւ տարվա վերջի համար վերցնենք 10 միլիարդ դրամ։ Կրկին շեշտենք, որ մեր կանխատեսած ցուցանիշներում առավելագույնի ենք հասցրել ավտոապահովագրողների հնարավոր վնասը, եւ նվազեցրել ենք հնարավոր հասույթը։ Անգամ այսպիսի համեստ թվեր հիմք ընդունելու պարագայում ստացվում է, որ տարվա վերջի դրությամբ ապահովագրական շուկայի վնասաբերությունը (փոխհատուցումներին հատկացված գումարների հարաբերությունը հավաքված ապահովագրավճարներին) կկազմի 60% (6 միլիարդ դրամ փոխհատուցում / 10 միլիարդ դրամ ապահովագրավճար)։
Որքան էլ զարմանալի լինի՝ իրենք` ապահովագրողները, ավելի քիչ վնասաբերություն են կանխատեսում։ Իհարկե, նրանք այդ մասին ոչ թե բացահայտ հայտարարում են ասուլիսների ժամանակ, այլ այդ մասին նշում են Կենտրոնական բանկի «ՀՀ ապահովագրական համակարգի հնարավոր զարգացումները 2011-2013թթ.» հրապարակման մեջ։ Ըստ այդ հրապարակման, 2011 թվականի համար ապահովագրական հատուցումների ծավալը կանխատեսված է 6.685 միլիարդ դրամ։ Ուշադրություն դարձրեք, որ այն ներառում է ոչ միայն ԱՊՊԱ, այլ ընդհանրապես ողջ ապահովագրական շուկան, որի մեջ ԱՊՊԱ գծով փոխհատուցումները չեն գերազանցում 70%-ը։ Այսինքն, եթե հավատանք հրապարակման մեջ նշված կանխատեսումներին, ապա ընթացիկ տարում ԱՊՊԱ-ի գծով փոխհատուցումները կազմելու են 4.7 միլիարդ դրամ (վնասաբերությունը՝ 47%)։ Կրկին հիշեցնենք, որ այդ կանխատեսումներն արել է ոչ թե ԿԲ-ն, այլ հենց ապահովագրական ընկերությունները։
Հիմա տեղեկացնենք, թերեւս, ամենազարմանալի ցուցանիշի մասին. Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենի խոսքերով, ԱՊՊԱ-ի ներդրման նախահաշվարկում վնասաբերությունը նախատեսվել է 78%: Այսինքն՝ ապահովագրողները կանխատեսել էին, որ հավաքագրված 10 մլրդ ապահովագրավճարներից 7.8 մլրդ-ը պետք է ծածկի վնասների փոխհատուցումը։ Սակայն գոնե այս պահին հասանելի վիճակագրությունը ցույց է տալիս, որ վնասների փոխհատուցմանը շատ ավելի քիչ գումարներ են գնալու (մեր հաշվարկով՝ 6 միլիարդ, իրենց հաշվարկներով՝ 4.7 միլիարդ)։ Այսքանից հետո դժգոհությունները, որ ապահովագրությունը շահութաբեր բիզնես չէ, առնվազն անհասկանալի են։ Եթե 78% վնասաբերության փոխարեն փաստացի ունենալու են 47-60%, ապա ոլորտը չի կարող շահութաբեր, եթե ոչ՝ գերշահութաբեր չլինել։ Ինչ վերաբերում է մյուս ծախսերին (տարածքի վարձավճար, աշխատակիցների թվի ավելացում եւ այլն), ապա դրանք պատահարների թվի նման անկանխատեսելի չեն։ Նախորդ տարվա վերջին, երբ ապահովագրողները մեկը մյուսին հերթ չտալով գովազդախեղդ էին անում վարորդներին, նրանք արդեն լավ պատկերացնում էին իրենց ծախսերը։ Եվ եթե, պատկերացնելով հանդերձ, ձգտում էին շատ հաճախորդներ ներգրավել, ապա դաշտում շահույթ ստանալու հնարավորություններ էին տեսել։
Եվս մեկ հետաքրքիր տվյալ՝ նշված հրապարակումից։ 2010 թվականի տվյալներով, Հայաստանի ապահովագրական շուկան ոչ միայն շահութաբեր չի եղել, այլ ունեցել է 958 միլիոն դրամի վնաս։ Սակայն իրենք՝ ապահովագրական ընկերությունները, 2011 թվականի համար կանխատեսել են 2.6 միլիարդ դրամի շահույթ, իսկ 2012թ. համար՝ ավելի քան 3 միլիարդ դրամ։
Այնպես որ, ոչ մի կասկած չկա, որ այսօր իրենց գործը ոչ շահութաբեր համարող ապահովագրական ընկերությունները տարվա վերջին կրկին գրավելու են եթերը՝ վարորդներին իրենց կողմը գրավելու համար։ Իսկ գլխավոր հարցը շատերի համար անպատասխան կմնա՝ սրանք մազոխի՞ստ են, որ ուզում են խրվել ոչ շահութաբեր բիզնեսի մեջ, թե՞ պարզապես կորպորատիվ լացկաններ։