Ադիբեկյանը սարսափելի հարված է ստացել

13/06/2011

Ինչպես հայտնի էր մինչեւ երեկ, մարդիկ լինում են հիմնականում 3 տեսակ՝ լավատեսներ, վատատեսներ եւ անտարբերներ։ Այս խմբերը կոնկրետ վերաբերմունք ունեն կոնկրետ երեւույթների նկատմամբ, սակայն մեկը մյուսի հանդեպ նորմալ են տրամադրված (վատատեսները չեն պայքարում լավատեսների դեմ)։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ կա նաեւ չորրորդ տեսակը՝ մարդիկ, ովքեր ծանր են տանում, երբ լավատեսների թիվը ավելի շատ է։ Այդ խմբի վառ ներկայացուցիչն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ «Ինձ համար սարսափելի հարված էր, որ սոցիալական նման իրավիճակի պարագայում լավատեսները Հայաստանում թվաքանակով գերազանցում են հոռետեսներին… Ինձ թվում էր, որ լրիվ հակառակ պատկեր պիտի ստացվի, սոցիալական վիճակից հոռետես դարձածները պետք է ավելի շատ լինեն, քան լավատեսները: Բայց լավատեսները կազմել են հարցվածների` 40, հոռետեսները` 2 տոկոսը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադիբեկյանը։ Փաստորեն, Ահարոն Ադիբեկյանի համար ավելի լավ կլիներ, եթե մեր երկրում 10-ից 9-ը հոռետես լինեին, միայն թե նրա նախնական տեսակետը ճիշտ դուրս կգար։ Ոչինչ, որ հոռետեսորեն տրամադրված բնակչությամբ երկիրը չի զարգանա։ Կարեւորը՝ սեփական սխալի գիտակցումից՝ «սարսափելի հարված» չէր ստանա։ Հայաստանի ամենահայտնի սոցիոլոգը երեկ լրագրողների հետ կիսվել է նաեւ իր մեկ այլ «բացահայտմամբ»։ Նա ասել է, որ թեպետ 2008 թվականից հետո աղքատների թիվը Հայաստանում կրկնակի աճել է եւ այսօրվա դրությամբ աղքատ է մեր երկրի բնակչության մոտ 55 տոկոսը, սակայն զուտ հոգեբանական առումով հայաստանցիներից իրեն աղքատ համարում է փաստացի աղքատների ընդամենը կեսը։ «Դա հոգեբանական պաշտպանվածության դրսեւորում է։ Հոգեբանական առումով, մարդիկ չեն ցանկանում իրենց աղքատ ճանաչել, այդ պատճառով էլ ըմբոստ սոցիալական խմբեր չեն ձեւավորվում, եւ այս ալիքի վրա քաղաքական զարգացումներն անիմաստ են դառնում»,- ասել է սոցիոլոգը՝ ըստ էության խոստովանելով, որ իր համար նորություն է հայի հպարտություն ասվածը։ Ավելացնենք, որ Ա. Ադիբեկյանը չի ասել, որ այդ բացահայտումից էլ է «սարսափելի հարված» ստացել։ Եվ դա ինչ-որ տեղ հասկանալի է. եթե «ըմբոստ սոցիալական խմբեր» ձեւավորվեին, եւ «այդ ալիքի վրա քաղաքական զարգացումները» տանեին դեպի իշխանափոխության ու նորմալ ընտրությունների, այ դա ծանր հարված կլիներ Ա. Ադիբեկյանի համար. նրա նախընտրական «վարկանիշների» պահանջարկը կտրուկ կընկներ։