Վերջերս «Հաղթանակ» զբոսայգու տարածքում 78 ծառ է հատվել: Քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ՊՓԲԸ-ից այդ առնչությամբ տեղեկացրին, որ ծառահատումները սանիտարական բնույթ են կրել եւ հատվել են ծեր եւ նախորդ տարիների ոռոգման վատ համակարգի պատճառով չորացած ծառեր միայն: Շուրջ տասը ծառ էլ, որոնք դեռ հնարավոր է փրկել չորացումից, կենթարկվեն մասնակի հատման: Ծառահատումներից առաջացած ընդհանուր 160 խմ վառելափայտը հատկացվել է «Երկրապահ» կամավորական միությանը՝ ազատամարտիկների ընտանիքներին անհատույց բաժանելու համար: Առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես հավաստիացրեց քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ՊՓԲԸ տնօրեն Աշոտ Նադոյանը, զբոսայգու տարածքում նախատեսվում է տնկել շուրջ 1800 ծառ (թեղի, հացենի, արծաթափայլ բարդի) եւ 800 թուփ: Պրն Նադոյանը նաեւ հավաստիացնում է, որ նոր տնկիները ոռոգման խնդիր չեն ունենա՝ այգու ոռոգման համակարգը ոչ միայն գործում է, այլեւ նախատեսված է եկող տարի կրկնապատկել ջրի քանակությունը:
Ն.Ա.