Շքեղ շքերթ

11/06/2011

Մեր տեղեկություններով, Պաշտպանության նախարարությունը Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով մեծ ու շքեղ շքերթ է նախապատրաստում, որն անցկացվելու է սեպտեմբերի 21-ին: ՊՆ լրատվական ծառայությունից հաստատեցին այս փաստը եւ ասացին, որ այն լինելու է աննախադեպ շքեղ եւ մասշտաբային, եւ, որ այդ միջոցառման ժամանակ բազմաթիվ անակնկալներ են լինելու: Հիշեցնենք միայն, որ անկախության 20 տարիներին ՀՀ-ում անցկացվել է 2 խոշոր, բայց ընդհանուր առմամբ 4 շքերթ: Առաջինը` եղել է 1993թ, հետո` հաջորդաբար` 1996, 1999 եւ 2006 թվականներին: Առաջին խոշոր շքերթը եղել է 1996թ.: Ս.Սարգսյանի նախագահության տարիներին այդպիսի մեծ շքերթ չի եղել: Որոշ տեղեկությունների համաձայն, այս շքերթն իր շքեղությամբ ու ծավալներով աննախադեպ է լինելու: Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը մեր թղթակցին փոխանցել է, որ այս շքերթին առաջին անգամ մասնակցելու է, այսինքն զինվորականների հետ քայլելով անցնելու նաեւ բանակում ծառայող հոգեւորականների գունդը, ինչպես նաեւ ազատամարտիկները: Նրա խոսքերով` այս շքերթը նախորդներին գերազանցելու է նաեւ ռազմական տեխնիկայի ցուցադրմամբ: Պետք է ցուցադրվի ժամանակակից նոր եւ տարբեր ռազմական տեխնիկա: Իսկ այս աննախադեպ շքեղության ու ծավալների ցուցադրությունն արդյո՞ք նպատակ ունի նաեւ պատասխան տալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին: «Դա կազմակերպվում է ՀՀ անկախության 20-ամյակի առիթով, բայց որոշները որոշ հետեւություն կանեն»,- պատասխանել է Դ.Կարապետյանը: ՊՆ-ից, սակայն, չեն պատասխանել հարցին, թե այդ շքերթի համար որքան գումար է ծախսվելու: