Ձգել, ձգել՝ մինչեւ վերջ

11/06/2011

Երեկ հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսը որոշել է հաջորդ հանրահավաքի օրը. այն տեղի կունենա հունիսի 30-ին. ՀԱԿ-ն արդեն իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին: Բնականաբար, պատահական չէր, որ հանրահավաքի օրը հայտարարվեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախօրեին «ՀԺ»-ում հրապարակված հայտարարությունից հետո: «Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որեւէ նշանակություն չունի: Հետեւաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որեւէ բան ասել: Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ: Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեեւ քաղաքական տեսակետից շահի: Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը: Իսկ մեծ հաշվով` մենք բոլորս, այսինքն` երկիրն ու ժողովուրդըգ»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը` մեկ անգամ եւս անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հորդորելով, սպառնալով, խնդրելով (եզրույթը էական չէ) դրական պատասխան տալ պատվիրակությունների մակարդակով երկխոսություն սկսելու առաջարկին: Այսինքն` հանրահավաքը նշանակելով հունիսի 30-ին, Լ. Տեր-Պետրոսյանը եւս մեկ հնարավորություն է տալիս Ս. Սարգսյանին` վերջինիս մերժման ենթադրյալ պատասխանը, թերեւս, թողնելով հունիսի 30-ի հանրահավաքին: Մինչդեռ գոնե այս պահին շրջանառվող տարբեր տեղեկությունների համաձայն, Ս. Սարգսյանը պատասխանելու է ՀԱԿ-ին, սակայն պատվիրակություն չի կազմելու: Իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները հավանական են համարում, որ Ս. Սարգսյանը ՀԱԿ-ի երկխոսության առաջարկի մասին շատ ընդհանուր գծերով եւ «ժողովրդավարությանն ուղղված իշխանությունների քայլերի» համատեքստում կխոսի ԵԽ ԽՎ-ում հունիսի 22-ին նախատեսված իր ելույթում: Ըստ նույն աղբյուրների, Ս. Սարգսյանի ելույթի իմաստը լինելու է այն, որ իշխանությունները պատրաստ են եւ ամեն ինչ անում են բաց, հրապարակային երկխոսության համար (ինչի մասին բազմիցս հայտարարել են) եւ դեմ են որեւէ քայլի, որը կվտանգի այդ գործընթացի թափանցիկությունը: Այսինքն` փաստացի մերժելու է երկխոսությունը բանակցությունների ձեւաչափ տեղափոխելու առաջարկը: Անկհայտ է, որ թե ՀԱԿ-ի կողմից նման «սուր» հայտարարությունները, թե իշխանությունների շարունակական մերժումներն իրականում «դիմակայության» իմիտացիան պահպանելն է` մինչեւ վաղուց արդեն ընթացող երկխոսության «պտուղների» բացահայտումը: