ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երեկ NEWS.am կայքին ասել է, որ Հայաստանը Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության մասին հաջորդ տարվա զեկույցում` «Doing business-2012»-ում իր դիրքը կբարելավի 5-6 կետով: Նրա խոսքով` այն բարեփոխումները, որ իրականացվել եւ իրականացվում են, էապես բարելավել են բիզնես միջավայրը եւ կարտացոլվեն Հայաստանի միջազգային վարկանիշերում: Մասնավորապես` հարկային հաշվետվությունների կրճատումը, լիցենզիաների թվի կրճատումը, հարկային հաշվետվությունների եւ վճարումների պարբերականության նվազեցումը, բիզնեսի գրանցումների պարզեցումը դրական կանդրադառնան «Doing business»-ում Հայաստանի վարկանիշի վրա: Տ. Դավթյանի տեղեկացմամբ` ներկայում բարեփոխումների երկրորդ փաթեթն է մշակվել`ավելի խորը բարեփոխումների ծրագրով: Սակայն, ըստ նախարարի, «Doing business»-ը մի փոքր ուշացումով է հրապարակվում եւ արտահայտում է ոչ թե տվյալ պահի, այլ նախորդ տարվա իրավիճակը: «Ցավոք սրտի, այն, ինչ անում ենք` նոր հաշվետվության մեջ չի արտահայտվի: Սակայն այն, ինչ արել ենք` մեզ իրական առաջընթաց կապահովի, առնվազն 5 կետի շրջանակներում»,- ասել է Տ. Դավթյանը: Սակայն, նրա կարծիքով, Հայաստանի դիրքը մեծ չափով կախված է մեր մրցակից պետությունների գործողություններից: «Այս տարածաշրջանում շատ լավ մրցակցություն կա: Բացարձակ առումով միանշանակ մեր ցուցանիշները կբարելավենք, իմ կարծիքով` մենք ավելի շատ ենք անում, քան տարածաշրջանի եւ աշխարհի մյուս պետությունները»,- ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը: Որպեսզի այլ երկրներից հետ չմնանք, ըստ Տ. Դավթյանի, բարեփոխումներն ավելի արագ պետք է կատարենք` քան մյուսները:
Այս հաղորդագրության մեջ ուշագրավ է այն, որ չնայած խոսքը գործարարությամբ զբաղվելու, երկրում նորմալ բիզնես միջավայր ձեւավորելու մասին է, սակայն նախարարը խոսում է բացառապես ցուցանիշներից։ Գոնե ձեւի համար չի նշվում, որ այդ քայլերի արդյունքում հայ գործարարներն իրենց մի քիչ ավելի լավ կզգան սեփական երկրում։ Ընդամենը օլիմպիական նախանձախնդրությամբ առաջին տեղում է դրվում, թե ցանկի մեջ ո՞ր տեղը կգրավենք, ումի՞ց առաջ կլինենք, ումի՞ց` ետ։