Եվրամիության հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկվել երեկ ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչեկի հետ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ժամանակ: Ըստ Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, կարեւորելով Եվրամիության հետ համագործակցության զարգացումը` Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը համահունչ է Եվրամիության եվրոպական հարեւանության նոր եւ հավակնոտ քաղաքականության հռչակած արժեքներին, եւ ավելացրել, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը նույնպես ընթանում է բարեփոխումների ճանապարհով, որի արդյունքում Ղարաբաղում անկախացումից ի վեր ստեղծված են զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության գործուն մեխանիզմներ: