Առաջին անգամ

11/06/2011

Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը սկսել է իր առաջին միջեկեղեցական եւ հովվապետական վեցօրյա այցելությունը Վրաստան: Գարեգին Երկրորդին հայ-վրացական սահմանագծին դիմավորել է Վրաց ՈՒղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, որտեղից նրանք ուղեւորվել են դեպի Թբիլիսի: Վրաստանի մայրաքաղաքի Սուրբ Երրորդություն տաճարում կայացել է պաշտոնական ընդունելություն, որին հաջորդել են Գարեգին Երկրորդի հանդիպումները Վրաց կաթողիկոս-պատրիարքի, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, ինչպես նաեւ` Վրաստանում հավատարմագրված դիվանագետների, կրոնական համայնքների առաջնորդների, վրաց եւ հայ մտավորականության հետ: Հունիսի 12-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ կվերաօծվի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին: Իսկ հունիսի 13-15-ը Վեհափառը, ուղեկցությամբ Վրաց պատրիարքի, Թբիլիսիից կմեկնի Ջավախք, ուր կայցելի հայաշատ Ախալցխա, Ախալքալաք, Գանձա, Ասպինձայի, Նինոծմինդայի եւ Ծալկայի շրջկենտրոններ: Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսներից վերջին անգամ Ջավախք այցելել է Խրիմյան Հայրիկը, ընդ որում` ոչ թե հովվապետական այցով, այլ ուղղակի անցել էր Ջավախքով: Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան նախատեսված էր դեռ մեկ տարի առաջ, սակայն հրավիրող կողմի խնդրանքով մի քանի անգամ հետաձգվել էր: