ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի խորհրդարանը Նահանգային կրթական դեպարտամենտին հասցեագրված օրենք է ընդունել` պահանջելով օժանդակել դպրոցներում ցեղասպանության թեմայի դասավանդմանը: Ըստ «Associated Press» լրատվական գործակալության, ընդունված օրենքով կրթական դեպարտամենտից պահանջվելու է իր կայքէջում տեղադրել ցեղասպանություններին` «այդ թվում` Հոլոքոստին, Հայաստանում, Կամբոջայում, Դարֆուրում, Իրաքում եւ Ռուանդայում իրականացված ցեղասպանություններին առնչվող ուսումնական նյութեր»: Օրինագիծը ներկայացրած խորհրդարանականներն են Անաստասիա Ուիլյամսը եւ Ջոշուա Միլերը: Կառավարությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումները որակելով «պատմության այլանդակ գլուխներ», Ուիլյամսը, միաժամանակ, ընդգծել է, որ ուսանողները պետք է ուսանեն դրանց մասին` կանխելու համար սխալների կրկնությունը: Ռոդ Այլենդի նահանգային խորհրդարանը 2000 թվականին ընդունել էր օրենք, որով նահանգի կրթության ոլորտի պաշտոնյաներից պահանջվում էր ուսումնական պլան մշակել ցեղասպանության եւ մարդու իրավունքների թեմաներով: Ռոդ Այլենդը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան 42 նահանգների թվում է: