Երեկ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել «Նաիրիտ» ընկերության աշխատակիցները, ովքեր սպասում են իրենց աշխատավարձերի վճարմանը: Ձեռնարկությունը չի աշխատում արդեն մեկ տարի: Ըստ ցուցարարների, իրենք գործարանը փակվելուց առաջ 4 ամսվա աշխատավարձ չեն ստացել: Ցուցարարներին է մոտեցել նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով այնուհետեւ նախագահի նստավայրում մոտ մեկ ժամանոց հանդիպում է ունեցել գործարանի աշխատակիցներից կազմված խմբի հետ: «Նաիրիտի» արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանը հանդիպումից հետո ասել է, որ Հովսեփյանն իրենց է փոխանցել նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի խոստումը, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարման խնդիրը կլուծվի 15-օրյա ժամկետում: