«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տարածաշրջանի պետությունների համեմատ ավելի կայացած եւ ժողովրդավար է, ուստի իրավունք ունի որպես դե ֆակտո եւ առանձին միավոր` այդպիսին լինել նաեւ դե յուրե»,- հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ: «Ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի շուրջ միջազգային հանրության դիրքորոշման մեջ կարծես թե ձեւավորվում է ավելի ըմբռնելի վերաբերմունք»,- ասել է նա: «Հայկական երկու պետությունները` Հայաստանն ու ԼՂՀ-ն, կարեւոր պատմական իրադարձության շեմին են` սեպտեմբերին նշում են իրենց հռչակման 20-ամյակը»,- հայտարարել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը` նշելով, որ 20-ամյա պետականության կայացման գործում մեծ է եղել երկու երկրների խորհրդարանների դերը: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով միջխորհրդարանական համագործակցությունը կպահենք պատշաճ մակարդակի վրա, ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու եւ գալիք սերունդներին ամբողջովին ազատության արժեքների վրա հիմնված, ապահով եւ անվտանգ հայրենիք փոխանցելու վճռականությամբ»,- ասել է նա: