Չեն տեսնում ապագան

11/06/2011

«Մարդկանց ինքնասպանության դիմելուն դրդում է սոցիալ-տնտեսական վիճակը, մանավանդ, երբ բնակչության կեսը գործազուրկ է»,- երեկ հրավիրված ասուլիսում նման կարծիք է հայտնել հոգեբան, դատական փորձագետ Էլդա Գրինը: Նրա խոսքերով` չի պահպանվում հավասարակշռությունը մասնագետների եւ դրանց պահանջարկի միջեւ, որպեսզի պատրաստվեն այն թվով մասնագետներ, որքան պահանջվում է, իսկ այժմ հասարակությունը բաժանվել է երկու մեծ խմբերի` հարուստների եւ աղքատների: Ամենից շատ ինքնասպանության են դիմում դեռահասները եւ պատանիները: Հոգեբանը նշել է, որ ինքնասպանություն գործելու դրդապատճառները շատ են, հիմնականում` հոգեբանական պրոբլեմներ:

Օրինակ` ինքնասպանության դիմելու առաջին դրդապատճառը կոչվում է կանչ, մարդը կարող է ինքնասպանության դիմել, քանի որ ցանկանում է, որ իր վրա ուշադրություն դարձնեն: Ինքնասպանության դիմելու երկրորդ դրդապատճառը խուսափումն է, երբ նա փորձում է խուսափել սպասվող պատժից, կամ վախենում է ապագայից: Երրորդ դրդապատճառը կարող է լինել ինքնապատիժը, այսինքն` մարդը ինչ-որ արարք է գործել եւ փորձում է պատժել ինքն իրեն: Չորրորդ դրդապատճառը մերժումն է, երբ նա մերժում է կյանքը, իսկ հինգերորդը` ինքնամեղադրումն է, երբ այդ անձն իրեն հարմարավետ չի զգում այս կյանքում եւ ուզում է հեռանալ կյանքից:

Այժմ, ըստ Էլդա Գրինի, ամենից շատ տարածված է ինքնասպանության դիմելու այն դրդապատճառը, երբ մարդը օտարացված է, անզոր է եւ չի տեսնում ապագան: Նա նշել է, որ ինքնասպանություն չգործելու համար կարեւոր է, որ մարդիկ լավ պատկերացնեն ապագան: