«Հուլիսի 4-ին դեռ մի քանի շաբաթ կա, բայց ամերիկյան անկախության թողած ժառանգությունը կարելի է տոնել տարվա բոլոր օրերին», – նախօրեին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը դեսպանատանը կայացած միջոցառման ժամանակ: «Անկախության տոնին ամերիկացիները միավորվում են իրենց ընտանիքների, բարեկամների, համայնքների հետ, վերհիշում մեր պատմությունը եւ վերահաստատում մեր հավատարմությունը ժողովրդավարության, ազատության ու խաղաղության հանդեպ: Ամերիկացիները, ինչպես եւ բոլոր ժողովուրդները, բարձր են գնահատում այս համընդհանուր արժեքները»,- ասել է Մարի Յովանովիչն իր ելույթում, որի տեքստը տրամադրել են դեսպանատան Հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հայերի ու ամերիկացիների միջեւ ամուր կապեր կան, որոնք առկա են եղել Հայաստանի անկախացումից շատ առաջ: Իսկ վերջին քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգները հետեւողականորեն աջակցել է Հայաստանի ժողովրդավարացմանը, տնտեսական աճին ու անվտանգությանը: Այսօրվա տոնակատարությունը խորհրդանշում է մեր շարունակական գործընկերությունը: Չկա անհասանելի նպատակ, չկա անհաղթահարելի մարտահրավեր, եթե մենք հետամուտ ենք ընդհանուր նպատակի, եթե մենք փնտրում ենք ընդհանուր եզրեր»,- ասել է Մարի Յովանովիչը: «Ես շուտով մեկնում եմ Հայաստանից, բայց Հայաստանը կմնա իմ սրտում: Կուզենայի մնալ այստեղ ու երկրի շարունակական առաջընթացի ականատեսը լինեի, հատկապես առաջիկա երկու շրջադարձային տարիներին»,- ասել է Յովանովիչը` շնորհավորելով Հայաստանին անկախության քսանամյա տարելիցի առիթով եւ ամենալավն ու բարին մաղթելով հայ ժողովրդին` վաղվա Հայաստանը կերտելու գործում: ԱՄՆ-ի եւ Հայաստանի բարեկամությունը, դեսպանի խոսքերով, «հիմնված է ժողովրդավարության, ազատության եւ խաղաղության հարցում փոխադարձ օգնության եւ հարգանքի վրա»: Նշենք, որ երեքշաբթի օրն ամերիկյան դեսպանատանը կայացած միջոցառմամբ նշվել է Միացյալ Նահանգների անկախության ու Անկախության հռչակագրի ընդունման 235-րդ տարելիցը, ինչպես նաեւ` Հայաստանում դեսպան Յովանովիչի առաքելության ավարտը: