Առաջիկայում «Նաիրի» կինոթատրոնի դահլիճը տրամադրվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնին: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում տեղեկացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը` հավելելով, որ դահլիճը վարձակալելու համար իրենք չեն վճարելու, այլ միայն հոգալու են աշխատակազմին աշխատավարձ վճարելու եւ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու մասին: «Քաղաքապետարանի հետ արդեն ունենք համաձայնություն: «Նաիրիում» պիտի կազմակերպենք ազգային, հայկական ֆիլմերի շարքեր: Դրանք նախատեսված կլինեն հատկապես ուսանողների, աշակերտների համար»,- ասել է նա` ավելացնելով, որ ծրագրում ընդգրկելու են այնպիսի ֆիլմեր, «որոնց գրքերը երեխաները դժվարանում են կարդալ»: Գեւորգյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է կազմակերպել ազգային կինոմրցանակաբաշխություն, որը, թերեւս, կկոչվի «Պեպո»։ «Պիտի փորձենք այս մրցանակաբաշխությունն անենք բոլորովին նոր որակով, շատ բարձր, որ երկար կյանք ունենա»,- ասել է նա: