Իշխանությունները, որ, ըստ էության, մերժեցին ՀԱԿ-ի` բանակցությունների համար պատվիրակության կազմ ձեւավորելու առաջարկը, հայտնվել են անհասկանալի վիճակում:
Այնքան անհասկանալի, որ նույնիսկ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն է գտնում, որ այս պատմության մեջ շահեկան վիճակում ընդդիմությունն է` ի դեմս ՀԱԿ-ի: Նրա համոզմամբ, ի դեպ, թե՛ դրական, թե՛ բացասական պատասխանի դեպքում, միեւնույն է` ՀԱԿ-ի դիրքերը շահեկանորեն բարձր էին լինելու:
«Եթե հետեւողական լինենք, բոլոր դեպքերում շահեկան վիճակում ՀԱԿ-ն է, որը հայտարարում է, որ գնում է երկխոսության: Երկու դեպքում էլ կարող են ասել` այ, տեսա՞ք, մենք ճնշում գործադրեցինք, ստիպեցինք նրանց գալ երկխոսության` եկան, իսկ եթե իշխանությունը հրաժարվի, կարող են ասել` ժողովրդի ձայնը չեն լսում, ավազակախումբ են, եւ այլն: Այնպես որ` ՀԱԿ-ն այսօր մնում է երկխոսության նախաձեռնողի, եւ ավելի բարենպաստ պայմաններում, քան իշխանականները: Որովհետեւ բոլոր դեպքերում նրանց երկխոսության գնալը դիտվում է որպես թուլություն, զիջում, չնայած դա նաեւ կարելի է մեկնաբանել` որպես մեծահոգություն: Բայց դա արդեն կախված է ընկալողների տեսակից»,- ասում է Ա. Ադիբեկյանը: Իսկ հարցին, թե դա ինչպե՞ս կանդրադառնա ընտրազանգվածի վրա, Ադիբեկյանը պատասխանեց. «Ոչ մի բանի էլ չի հանգեցնի, որովհետեւ ժողովուրդը ոնց որ թե իր տեսակետն ունի: Ուղղակի կա տատանվողների` թամաշա անողների, մի մեծ խումբ, եւ իրենք նայում են, թե որտեղից է քաբաբի հոտ գալիս, որ թռնեն այդ կողմ: Մյուս մասն էլ նայում է, թե ով կհաղթի, որ գնա ու նրան ձայնը տա: Մի մասն էլ նայում է, թե ով է ավելի խելամիտ եւ հեռանկարային ծրագիր առաջարկում, որպեսզի իր ձայնը տա նրան: Այդ տատանվողները պոտենցիալ մասնակիցներն են»: Իսկ «քաբաբի հոտի» վրա «թռնողները», ըստ Ադիբեկյանի` չունեւոր զանգվածն է, որի ձայնը հնարավոր է «առնել 10-15 դոլարով կամ հրավիրել ընտրատարածք»: «Բայց այդ տոկոսը էական դեր չի խաղում, դա ընդամենը ճշգրտում է ուժերի փոխհարաբերակցությունը վերջնականորեն: Որովհետեւ իշխանություն-ընդդիմություն տարբերությունն այնքան մեծ է, որ այդ վաճառվող ձայները չեն կարող կշեռքի նժարը թեքել այն կողմ»,- ասում է Ա. Ադիբեկյանը:
Իսկ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի տնօրեն Գեւորգ Պողոսյանի կարծիքով` ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսության գործընթացը դեռեւս չի ավարտվել. «Ճիշտ է` իշխանությունը կազմ չի հրապարակել, թե ով է բանակցելու, բայց իշխանություններն էլ են տեսնում, որ անհրաժեշտ է այդ երկխոսությունը: Որովհետեւ, եթե այսպես ավարտվի` ՀԱԿ-ն առաջարկի, իշխանությունն էլ մերժի, իհարկե, կշահի ընդդիմությունը` ի դեմս ՀԱԿ-ի»: Մեր դիտարկմանը, թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր չեն պատվիրակություն կազմել, Գ. Պողոսյանը պատասխանեց. «Գիտեք, կարող է պատվիրակություն չլինի, բայց ուրիշ ձեւաչափ գտնեն: Բոլոր դեպքերում, ինչպես ասում են` քայլն իշխանություններինն է արդեն, իրենք պետք է կոնկրետ ինչ-որ քայլ անեն: Եթե մերժեն, իսկ տպավորությունը կարծես այդպիսին է, իհարկե տուժելու են: Նկատի ունեմ` կտուժեն հասարակական կարծիքում: Իսկ արդյունքում` կամրապնդվեն ՀԱԿ-ի դիրքերը, եւ ՀԱԿ-ի նկատմամբ վերաբերմունքն ավելի դրական կլինի»: Հարցին, թե հնարավո՞ր է` այս մերժումը փոխլրացվի այն պահանջների կատարմամբ, որ վերջին ամիսների ընթացքում իրականացրին իշխանությունները (Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման թույլտվություն, քաղբանտարկյալների ազատ արձակում), Գ. Պողոսյանը պատասխանեց. «Չի՛ փոխլրացնում, որովհետեւ այդ պահանջների կատարումը բանակցությունների, համագործակցության նախապայման էր: Եվ երբ այդ նախապայմանն իրականացավ, հիմա առավել եւս անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները մերժում: Դրա համար, կարծում եմ` գործընթացն ավարտված չէ, ուղղակի այլ ձեւաչափ կառաջարկվի»: