«Նարնջագույնների» հեռանալուց հետո Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հարաբերությունների ջերմացումը, ինչպես պարզվեց, ժամանակավոր էր: Ռուսաստանի հաշվարկները, թե ամեն ինչ կկարգավորվի, եթե Ուկրաինայի նախագահը լինի ոչ թե ակնհայտ արեւմտամետ Վիկտոր Յուշչենկոն, այլ ավանդաբար ռուսամետ Դոնբասի շրջանից Վիկտոր Յանուկովիչը, մի փոքր սխալ ստացվեցին: Բավականին արագ պարզ դարձավ, որ Ուկրաինայի նոր նախագահն առաջնորդվելու է ամենից առաջ Ուկրաինայի ազգային շահերով, ոչ թե ինչ-որ պայմանական սլավոնական եղբայրությամբ, ինչը, ուշադիր ուսումնասիրելու դեպքում, հաճախ ընդամենը քողարկում է` ի շահ Ռուսաստանի։
Հասնելով գազի մատակարարման պայմանների բարելավմանը, որ Ուկրաինայի տնտեսության համար իսկական պատուհաս էր դարձել, Յանուկովիչը թեեւ սկսեց ավելի հետեւողական քաղաքականություն վարել բազմաթիվ հարցերում, սակայն չփորձեց իր երկրում արտահայտել կամ պաշտպանել Ռուսաստանի շահերը: Հիասթափված Մոսկվայի եւ այդ հիասթափության պատճառը չհասկացող Կիեւի միջեւ հակասությունները կամաց-կամաց սկսեցին խորանալ, թեեւ թվում էր, թե հիմնական հարցերում, օրինակ` Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի ներկայության պայմանների հետ կապված, պայմանավորվածությունները ձեռք են բերվել, եւ դա բավարարում է երկու կողմերին էլ: Ճիշտ է, Ուկրաինայի որոշ շրջանակներում երկրի նախագահի զիջումները, որը համաձայնվել էր երկարաձգել վարձակալման պայմանագիրը, դավաճանություն համարեցին, սակայն դա ավելի շատ առիթ էր մեղադրանքների համար. անգամ Յանուկովիչի հակառակորդների համար պարզ էր, որ առանց դրա հնարավոր չէ, եթե ուզում ես լեզու գտնել Ռուսաստանի հետ: Նախագահի մյուս քայլը, որով նա հրապարակավ հրաժարվեց ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու մտքից, չէր կարող չուրախացնել Մոսկվային: Յանուկովիչի այս արարքը առանձնապես քննադատության էլ չարժանացավ. երկրի բնակչության մեծ մասը դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդգրկվելուն, եւ նախագահը, խոշոր հաշվով, ընդամենն արտահայտեց ուկրաինացիների տրամադրությունը: Սակայն սրանից այն կողմ գործը չանցավ: Ռուսաստանը ոչ մի կերպ չհամաձայնեց գազի գնի նոր իջեցումներին, իսկ Ուկրաինան հրաժարվեց նրան հանձնել իր գազատրանսպորտային համակարգը` եթե ոչ` իբրեւ սեփականություն, ապա գոնե` դրա կառավարումը: Մոսկվան սեղմեց ատամները: Կրճտոցը լսվեց, երբ Կիեւը մերժեց Մաքսային միության կազմում ընդգրկվելու առաջարկը. այն ստեղծում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Այդ ժամանակ արդեն Յանուկովիչի սեղանին դրված էր ԵՄ առաջարկը` սկսել ազատ առեւտրի գոտու ստեղծման աշխատանքները ոչ թե 2012թ., այլ այս տարվա աշնանից: Կիեւ ժամանած վարչապետ Վլադիմիր Պուտինը առանց երկիմաստության ուկրաինական կողմին առաջարկեց դադարեցնել միաժամանակ երկու աթոռին նստելու փորձերը: Նրա ասածի իմաստը հետեւյալն էր. մենք մտադիր չենք ձեզ ուժով քարշ տալ դեպի Մաքսային միություն, սակայն, եթե Եվրամիության հետ միասին ազատ կամ մեղմացված ռեժիմով առեւտրի գոտի ստեղծեք, ապա Մաքսային միությունը ստիպված կլինի արգելքներ դնել, որպեսզի իր տարածքը չհեղեղվի եվրոպական արտադրանքով: Արգելքներ ասելով, թերեւս, պետք է հասկանալ մաքսային հսկողությունը եւ, միգուցե, սահմանային ռեժիմի խստացումը:
Կիեւն ակնարկեց, թե կարող է վերադառնալ Մաքսային միության մեջ մտնելու հարցին, եթե «Գազպրոմը» վերանայի գազի գների բանաձեւը: Եթե չխորանանք մանրամասների մեջ, ապա այդ բանաձեւն այնպես է կազմված, որ նախատեսում է գազի գնի բարձրացում` կախված զանազան պայմաններից ու հանգամանքներից, եւ Ուկրաինային պարտադրում է գնել պայմանագրով նախատեսված գազի ծավալները, անգամ, եթե գազի գինն այնքան թանկանա, որ դադարի այդ երկրի համար շահավետ լինել: Գազի գների այս խիստ դաժան բանաձեւի շուրջ լուրջ վեճեր ծագեցին, ընդհուպ մինչեւ այն, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ` մեղադրելով վերջինիս ազգային շահերի դավաճանության մեջ: Թեեւ քննությունը չգտավ դավաճանությունը հաստատող փաստեր: Այս հարցի շուրջ Մոսկվայի եւ Կիեւի բանակցությունները զուտ «մանր առեւտրային» բնույթ ստացան. դուք մեզ` այս, մենք փոխարենը ձեզ` այն: Սակայն կողմերի բոլոր առաջարկությունները մանր-մունր բաներ էին, իսկ «խաղադրույքները» բարձրացնել չէր ցանկանում առաջին հերթին ուկրաինական կողմը: Եվ ահա երկուշաբթի երեկոյան «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը կարծես թե վերջակետ դրեց այս վեճին. բանաձեւը չի վերանայվելու, այն կազմված է շուկայական օրենքների համաձայն, եւ Կիեւը պետք է պատրաստ լինի, որ այս տարվա վերջին գազի գինը կթանկանա մինչեւ 500 դոլար` 1000 քմ գազի դիմաց: Այժմ Ուկրաինան նույն ծավալը ստանում է մոտ 250 դոլարով: Սակայն սպառնալից թանկացումը, իսկ դա իրոք կարող է Ուկրաինայի տնտեսությունը կոլապսի մեջ գցել, ինչպես բացատրեց Միլլերը, ոչ թե կապված է Կիեւի քիթը տրորելու ցանկության հետ, այլ այդպիսին են համաշխարհային տնտեսական միտումները, որ ընկած են Ուկրաինայի համար գազի գնի չարաբաստիկ բանաձեւի հիմքում: Միլլերի հայտարարությունը հնչեց Մոսկվայում Ռուս-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ, հանձնաժողով, որ համապատասխանաբար գլխավորում էին Վլադիմիր Պուտինն ու Նիկոլայ Ազարովը:
Ուկրաինայի պատասխանը հնչեց երեքշաբթի: Դրա հիմնական իմաստը Կիեւի նախկին գաղափարն էր` ԽՍՀՄ-ի Գլխավոր շտաբի քարտեզների համաձայն` բաժանել Ազովի ծովը` Ուկրաինական ԽՍՀ-ի եւ ՌԽՍՖՀ-ի ադմինիստրատիվ բաժանման հիման վրա: Ազովի ծովի նման բաժանման սկզբունքը նշանակում է, որ Ուկրաինային բաժին կընկնի Ազովի մոտ 60%-ը, իսկ ամենագլխավորը` Ուկրաինայի լիակատար վերահսկողության տակ կհայտնվի Կերչի նեղուցի նավարկուղին: Իսկ Ռուսաստանը պահանջում էր Ազովի ծովը հավասար բաժանել երկու երկրների միջեւ եւ միասին տնօրինել Կերչի նեղուցը. այս դեպքում ուկրաինական եւ ռուսական նավերը կօգտագործեին այն «ազատ ռեժիմով», իսկ երրորդ երկրների նավերից Ուկրաինան ու Ռուսաստանը վարձավճար կգանձեն նեղուցն օգտագործելու համար: Կողմերը կարծես թե որոշակի փոխհամաձայնության էին եկել, ինչի մասին, առանց մանրամասների մեջ խորանալու, օրերս Օդեսայում հայտարարեցին ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Կոնստանտին Գրիշչենկոն: Այժմ կողմերը նորից վերադարձել են նախկին դիրքորոշումներին:
Կոշտ հռետորաբանությունը, բազմաթիվ նախապայմանները, որ կողմերը դնում են բանակցային գործընթացում, ակնհայտորեն չեն բարելավում կողմերի միջեւ հարաբերությունները եւ կարող են վերածվել շահերի տեւական հակամարտության` բոլոր կանոնների ու պայմանների խստացմամբ, ընդհուպ` մինչեւ վիզային ռեժիմի ներդրում, ինչով արդեն հասցրել են միմյանց սպառնալ Կիեւն ու Մոսկվան: Թեեւ դա արդեն եղել է Ուկրաինայում «նարնջագույնների» իշխանության օրոք, ոչինչ չի խանգարում, որ այն կրկնվի: Ինչպես հուշում է փորձը, խոշոր աշխարհաքաղաքական-ռազմավարական խնդիրների լուծման ժամանակ առաջին հերթին տուժում են հասարակ մարդիկ: Հասարակ ռուսաստանցիներն ու ուկրաինացիները: