Հայկական կոնյակ արտադրող առաջատար ընկերություններից մեկը` Great Valley-ն, շուտով կհայտարարի հայ գյուղացիական տնտեսություններին ներկա տարվա բերքի համար անտոկոս վարկեր հատկացնելու մասին, որի նպատակն է հայրենական խաղողագործության զարգացումը: Վարկային միջոցները հիմնականում պետք է ուղղվեն պարարտանյութերի, դիզվառելիքի ձեռքբերմանը, գյուղտեխնիկայի եւ փոխադրամիջոցների վերանորոգմանն ու վարձակալությանը:
Great Valley-ի ղեկավարությունը հայտարարում է, որ մինչ մայիսի վերջը վճարել է 2010 թ. խաղողի բերքի գնումների համար եւ ներկայումս գյուղացիական տնտեսություններին պարտքեր չունի: Այս պահին ընթանում է գնումների նոր գործընթացի նախապատրաստումը: «Մեր գործարանների եւ գնման կետերի դռները մշտապես բաց են խաղողագործների առջեւ, որոնց արտադրանքի համար կվճարենք նոր վարկային ծրագրի շրջանակներում, դրանց պայմանները նախադեպը չունեն Հայաստանում»,- նշեց Great Valley-ի գլխավոր տնօրեն Լեւոն Արզաքանցյանը:
Great Valley ընկերությունը 1997 թվականից հետեւողականորեն եւ նպատակասլաց իրագործում է հայ խաղողագործության եւ գինեգործության վերածնման եւ զարգացման ծրագիր` հաղթահարելով չարակամների հակազդեցությունը` կազմակերպած սաբոտաժը եւ գնման կետերում ահաբեկչությունները: Նրա գործարանները առաջինը Հայաստանում դեռ մինչ օտարերկրյա ներդրողների գալուստը սկսեցին հումքի պաշարումը մեծ ծավալներով: Այսպես` 1998 թվականին գնվել էր 13,5 հազար տոննա խաղող, իսկ հետագա որոշ տարիներին այս ցուցանիշը մերձեցել է 20 հազար տոննայի: 1998-2010 թթ. ընկերությունը խաղողի ձեռքբերման համար ծախսել է 8 մլրդ դրամ: Հատկապես Տիգրան Արզաքանցյանի գործուն ջանքերի շնորհիվ, որը 90-ական թվականների վերջին Great Valley ընկերության նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, հատումից փրկվեցին Հայաստանի խաղողի այգիները, եւ սկսվեց հանրապետության գյուղատնտեսական հիմնական ոլորտներից մեկի վերածնունդը:
Չնայած հայկական կոնյակի արտահանման անկմանը, որ կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, Great Valley-ն սկսել է վերականգնել իր արտադրանքի իրացումը հիմնական շուկաներում: Այս նպատակով 2010 թ. ստորագրվեց պայմանագիր միջազգային Whitehall ընկերության հետ, որը Ռուսաստանում «պրեմիում» դասի ալկոհոլային ըմպելիքների առաջատար ներկրողն է եւ մատակարարը: Նրա մատակարարման շրջանակում են այնպիսի հանրահռչակ բրենդեր, ինչպես Hennessy կոնյակը, Dom Perignon, Moet & Chandon եւ Veuve Cliquot շամպայնները, Jose Cuervo թեքիլան, Glenmorangie վիսկին եւ այլք: 2011 թվականին Whitehall-ը մտադիր է վաճառել ավելի քան 2 մլն շիշ Great Valley-ի կոնյակներ, ինչը համապատասխանում է հայկական կոնյակի ռուսաստանյան շուկայի 10%-ին:
Այս տարվա սկզբին Great Valley ընկերությունը դարձավ Հայ կոնյակագործների միության ստեղծման նախաձեռնողներից եւ հիմնադիրներից մեկը, որի անդամությունը կօգնի իրականացնել հայկական կոնյակի արտադրության ընթացքում միջազգային ստանդարտների պահպանման խստագույն վերահսկողություն:
Great Valley-ի արտադրության կազմակերպման բարձր մակարդակը հաստատվում է ISO 9001 որակի կառավարման համակարգի միջազգային չափանիշի հավաստագրով: Արտադրության ծավալներով, արտահանմամբ եւ վաճառքով Great Valley ընկերությունը Հայաստանում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Նրա արտադրանքի հիմնական մասը մատակարարվում է Ռուսաստան, ինչպես նաեւ ԱՄՆ, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներ: Great Valley-ի կոնյակները նվաճել են շուրջ 300 պարգեւներ միջազգային եւ ազգային մրցույթներում, այդ թվում` ավելի քան 20 Գրան պրի եւ Սուպեր Գրան պրի:
R