Գյումրիից Մինաս Ավետիսյանի որմնանկարների` Զվարթնոց օդանավակայան տեղափոխման նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել Գյումրիում: Երեկ «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի պատասխանատուները իտալացի մասնագետի հետ «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներ են իրականացրել: Այնուհետեւ նախատեսվում էր, որ պատից անջատված որմնանկարները` փաթաթված վիճակում, պետք է տեղափոխեին Երեւան: Ըստ Շիրակ կենտրոն հ/կ-ի, սակայն, բազմաթիվ գյումրեցիների բողոքի եւ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի ղեկավար Արման Ավետիսյանի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, այնուամենայնիվ, որմնանկարները չտեղափոխել: Մինասի որմնանկարների Գյումրիից տեղափոխման դեմ հանդես եկող գյումրեցի մի շարք արվեստի գործիչների եւ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների անունից որմնանկարների վերականգնողական աշխատանքները Գյումրիում իրականացնելու առաջարկ-դիմումով «Շիրակ կենտրոն» հ/կ-ն դիմել է ՀՀ մշակույթի նախարարին եւ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահին (http://shirakcentre.org/hy/news/955-shirak-centre-ngo): Այնուհետեւ հեռախոսային բանակցություններ են անցկացվել մշակույթի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում, խնդրի քննարկման նպատակով, որոշվել է այսօր հանդիպում անցկացնել Մշակույթի նախարարի` Գյումրիից մեկնող պատվիրակության հետ: Որմնանկարները երեկ փաթաթված վիճակում տեղափոխվել են նույն գործարանի պահեստային մաս, որից հետո դռները կողպվել են քաղաքացիական հասարակության կառույցների կողմից տրամադրված փականով: Նկարչի որդու` Արման Ավետիսյանի կողմից գյումրեցիներին երաշխիք է տրվել, որ փականը գաղտագողի չի բացվի, եւ նա իր կողմից թույլ չի տա ոստիկանական միջամտություն Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխելու համար: