ԱՄՆ-ում էլ շատ խնդիրներ կան, բայց Հայաստանում վիճակը ծայրահեղ է

09/06/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ասում է ԱՄՆ Կառավարության Ձկների եւ վայրի կենդանիների պաշտպանության գրասենյակի աշխատակից, կենդանաբան եւ բուսաբան Մարալ Գասպարյանը

– Երիտասարդ աղջիկներին, մեղմ ասած, այդքան էլ չի գրավում կենդանաբանի ու բուսաբանի մասնագիտությունը: Նրանք ավելի շատ գլամուրային մասնագիտությունների հետեւից են վազում: Ինչո՞վ է պայմանավորված քո ընտրությունը:

– Ճիշտ ես, որովհետեւ անգամ ԱՄՆ-ում ապրող հայ երիտասարդների շրջանում չկա հետաքրքրություն այդ մասնագիտությունների եւ ընդհանրապես գիտության ճյուղերի նկատմամբ: Դեռեւս մանկությունից մորեղբորս հետ մշտապես սարեր էինք բարձրանում, որտեղ ուսումնասիրում էի բույսերը: Թերեւս, ընտրությունս պայմանավորված է մանկությունից եկած հետաքրքրություններով: Ուզում էի հասկանալ` ի՞նչ է բնությունը: Ինձ հետաքրքրում էր, թե կենդանիներն ինչպես են հաղորդակցվում իրար հետ, ծառերը, որոնք կանգնած են` ինչպե՞ս են խոսում: Իրականում բնության մեջ հսկայական հաղորդակցության դաշտ կա: Դա մեկ այլ վայր է, առանց որի չենք կարող ապրել: Այսօր մարդիկ նախընտրում են նստել տանը, հեռուստացույց դիտել կամ երթեւեկել ավտոմեքենայով: Սա, ինչ խոսք, հեռացնում է մարդկանց բնությունից, որոնք հաճախ մոռանում են, թե ինչ կարիքներ ունեն բնությունից: Սա շատ վատ երեւույթ է, երբ անձը բնության վայրերի նկատմամբ հարգանք չի ցուցաբերում: Պատկերացնո՞ւմ եք, եթե մի օր բնությունը ոչնչանա, մարդիկ ի՞նչ ազդեցություն կկրեն: Իհարկե, կենցաղային հոգսերը, ընտանեկան խնդիրները շատ հաճախ մոռացության են տալիս բնության խնդիրները, որոնք, սակայն, օրերից մի օր արտահայտվում են:

– Վերջին տարիներին աշխատում ես հատկապես բնապահպանական օրենքների վրա: Բնության պաշտպանության ի՞նչ օրենքներ կան ԱՄՆ-ում, եւ ինչպիսի՞ն է դրանց կիրառելիությունը:

– Բնապահպանական օրենքները ԱՄՆ-ում շատ-շատ են: Հատուկ օրենքներ կան ջրի, օդի, բույսերի եւ կենդանիների մասին: ԱՄՆ-ը 250 տարվա երկիր է: Դեռ այն ժամանակ, երբ անգլիացիները ոտք էին դրել ԱՄՆ, բնությունը չէր պաշտպանվում: Նրանք օգտագործում էին բնությունը: Դրա հետեւանքով էլ եղան ջրհեղեղներ, օդը սեւացավ, արտանետումները շատացան: Երկար տարիներ բնության պաշտպանության մասին օրենքներ չկային: Իսկ այն օրենքները, որոնք այժմ ԱՄՆ-ում գործածվում են` բավական երիտասարդ են: Որպես օրինակ` նշեմ այն օրենքներից մեկը, որ հաճախ գործածում եմ: Դա այն կենդանիների պաշտպանության մասին է, որոնք գտնվում են անհետացման վտանգի առջեւ: Այդ օրենքը ԱՄՆ Կառավարությունն ընդունել էր 1963թ.: Եվ չնայած այն հանգամանքին, որ օրենքները բավական երիտասարդ են, դրանք խիստ կիրառելիություն ունեն: ԱՄՆ Կառավարությունը հիմա հասկանում է, որ եթե չպաշտպանի բնությունը, ապա 200 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը կկրկնվեն: ԱՄՆ օրենսդրության մեջ հստակ դրույթներ կան, որ եթե անձը, ընկերությունը, մարզը կամ քաղաքը ցանկություն ունեն տուն, շենք կառուցելու, գետի ջրի անցքը փոխելու, հիդրոէլեկտրաէներգիա արտադրելու, ապա պետք է դիմեն մեր գրասենյակին: Պահանջներից մեկն այն է, թե բնությունն ինչ ազդեցություն է կրելու իրենց նախագծերի իրականացումից: Նրանց նախագծերը մանրամասն ուսումնասիրվում են, որից հետո եզրակացությունն ենք տալիս` ներկայացնելով, թե կառույցն ինչ ծավալներով պետք է լինի, ֆինանսական ինչպիսի՞ պարտավորություններ ունեն բնության պաշտպանության համար: ԱՄՆ-ում կան բնության պաշտպանության հիմնադրամներ, որտեղ կարող են այդ վճարումներն անել: Եթե նրանք ինչ-որ ձեւով բնությանը վնաս են հասցնում, ապա պարտադիր պետք է բնությունը պաշտպանեն մեկ այլ վայրում: Ընդ որում` այդ պաշտպանությունը մշտական է:

– Իսկ շա՞տ են օրենքը խախտողները:

– Այն, որ ԱՄՆ-ը մեծ երկիր է, արդեն ենթադրում է, որ օրենքը խախտելու առիթները շատ են: ԱՄՆ-ում, այսպես ասած` լավություններից մեկն այն է, որ հասարակական կազմակերպություններ, իրավաբաններ ու փաստաբաններ շատ կան, որոնց կարող է դիմել ԱՄՆ ցանկացած քաղաքացի:

– Եվ ինչպիսի՞ պատժամիջոցներ են կիրառվում:

– Եթե բնության հասցրած վնասը ահռելի չափի է հասնում, ապա օրենքով սահմանված է ֆինանսական մեծ տուգանք եւ ազատազրկում:

– Քո նշածը ո՞ր դեպքում է լինում:

– Խոսքը հանքերի մասին է: Եթե ԱՄՆ-ում գործող հանքերը բնությունը ջախջախում, թունավորում են` բացասական ազդեցություն թողնելով նաեւ մարդկանց առողջության վրա, ապա հանքի սեփականատերը կամ տնօրենը կարող են դատարան կանչվել եւ պատասխանատվության ենթարկվել: Չնայած այդ հանգամանքին, իհարկե, նաեւ չպետք է մոռանալ երկրի տնտեսական զարգացման մասին: Ի վերջո, մարդկությունը պետք է ապրի, իսկ տնտեսությունը չի կարող չզարգանալ: Մարդիկ քարեր, հանքային ջրեր, փայտ են ստանում բնությունից` ապրելու համար: Բայցեւ դրա համար օրենքով գոյություն ունեն չափանիշներ:

– Օրինակ, որքա՞ն է տուգանքի չափը ապօրինի ծառահատման դեպքում:

– Կախված` թե քանի՞ ծառ է ապօրինի հատվել: Տուգանքի մասին որոշում կայացվում է դատարանում: Կարող եմ ասել, որ շատ դեպքերում տուգանքի չափը հասնում է հարյուր-հազարավոր դոլարների: Օրենքը խախտած ընկերությունները պետք է որոշ ժամանակով կասեցնեն իրենց գործունեությունը: Թեեւ օրենքները բավական երիտասարդ են, բայց ԱՄՆ քաղաքացիները հետեւում են դրանց: Դրանց հետեւում են ագամ գործարանատերերը, ովքեր խուսափում են խնդիրներ ունենալ Կառավարության հետ:

– Ինչպիսի՞ն է բնապահպանական պատկերը Հայաստանում:

– Հայաստանում դեռ շատ աշխատանք կա անելու: Սովետական տարիներից ի վեր բնության պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ քիչ են տարվել: Կարծում եմ` հիմա Հայաստանն ավելի շատ զբաղված է տնտեսական հարցերով, քան բնապահպանական: Շատ դեպքերում արտադրություն սկսելու համար բնությանն ահռելի վնասներ են հասցնում, բայց այդ խնդիրները դեռեւս արդիական չեն դարձել այստեղ:

– Լավ, եթե Թեղուտի նախադեպը լիներ ԱՄՆ-ում, ի՞նչ պատիժ կկրեր այդ սեփականատերը, ով սեփական շահերից ելնելով` անընդհատ թմբկահարում էր, թե իբր այդ ծրագրի շնորհիվ գյուղի բնակիչների սոցիալական վիճակն են բարելավում: Գյուղացիներից շատերն, ի դեպ, իրենց հողակտորները ստիպված հանձնեցին կոպեկներով` 1քմ-ն` 48 դրամով: Փաստացի, այսօր այդ գյուղացիները մնացել են առանց հողի:

– Երբ ինչ-որ հանք է բացվում ԱՄՆ-ում` դա կլինի հանքային ջրերի, ոսկու, պղնձի կամ այլ մետաղների, վատ գործ է համարվում: Բայց, միեւնույն ժամանակ, պետք է միջոցներ մշակվեն շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար: Այդ իմաստով ԱՄՆ-ում օրենքներ կան, թե, օրինակ, որքան ջուր է թույլատրվում վերցնել գետից կամ լճից: Կան հանքատերեր, ովքեր չեն հետեւում այդ օրենքներին, սակայն հետո անպայման պատասխանատվություն են կրում օրենքի առջեւ: Իմ մտահոգությունն այն է, որ Հայաստանի բնապահպանության ոլորտում ծայրահեղ վիճակ չստեղծվի: Օրեցօր բնությունը վնասելու երեւույթն ավելի է մեծանում: Օրեր առաջ հայկական հեռուստաալիքներից մեկով տեսա, թե ինչպես էին տուֆ տանում Նուբարաշենից: Փոշու մեծ ամպ էր կուտակվել, եւ այդ տուֆը լեռից հանելուց հետո որեւէ աշխատանք չէր արվում, որպեսզի հետագայում դրա փոշին քամին չտարածի շրջապատում: Դա, նախեւառաջ, վնասում է մարդկանց առողջությանը, այնուհետեւ` գետերին, ձկներին եւ, իհարկե, ջրին: Ինչեւէ, Թեղուտի պարագայում պետք է կրկին նշեմ օրենքների մասին: ԱՄՆ-ում անտառների մասին օրենքները խիստ գործածություն ունեն: Հանքի տերերը պետք է դիմեն Կառավարությանը` հանք բացելու նպատակով: Կառավարությունը պետք է ուսումնասիրություններ կատարի: Եթե անտառը մեծ նշանակություն ունի տվյալ տեղանքի մեջ, ապա ԱՄՆ կառավարությունը, հնարավոր է, չարտոնի այդ հանքի բացումը, որքան էլ դրա անհրաժեշտությունը մեծ է: Իհարկե, կան մարդիկ, որ խրախուսում են հանքերի բացումը` նշելով, որ դա նպաստում է տնտեսության զարգացմանը:

– Ինչպե՞ս կարող է ՀՀ Կառավարությունը չարտոնել ինչ-որ հանքի բացում, եթե դա բխում է բացառապես իրենց շահերից, այսինքն` Կառավարության կազմում հանքատեր պաշտոնյաների շահերից: Ինչպե՞ս պատկերացնել օրենքի կիրառումը Հայաստանում, երբ օրենքի առաջին խախտողները հենց իրենք են:

– Ամբողջ խնդիրը հենց դա է: Այդ դեպքում ի՞նչ օգուտ կա օրենք ունենալուց, եթե այն չի գործածվում: Օրենքը պետք է գործի ժողովրդի պաշտպանության համար: Ցավալի է, որ այստեղ չեն հետեւում օրենքներին: Պարզապես պետք է օրենքի կիրառումը սովորություն դառնա: Այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, սովորեցնեն: Համալսարաններում, դպրոցներում սովորողները պետք է տեղյակ լինեն այդ օրենքների մասին: Կարծում եմ` միայն կրթության միջոցով կարելի է որեւէ բան փոխել Հայաստանում:

– Հայաստան եկել էիր 2006թ.` որպես կամավորական աշխատելու նպատակով: Այս տարիների ընթացքում որեւէ տեղաշարժ նկատո՞ւմ ես մեր երկրում:

– Ցավոք, հարուստների եւ աղքատների միջեւ սահմանն ավելի ակնհայտ է դարձել: Միջին դասակարգ չկա, եւ կարիքների մեջ գտվողները քիչ հնարավորություններ ունեն գոնե սոցիալական միջին մակարդակին հասնելու համար: Այստեղ անգամ օրվա հաց գտնելն է դժվարացել: ԱՄՆ-ում դա օրենք է, որ մարդ պետք է կարողանա օրվա հաց ունենալ: Իհարկե, ԱՄՆ-ում էլ շատ խնդիրներ, դժվարություններ կան, բայց Հայաստանում վիճակը ծայրահեղ է, այլ կերպ ասած` նմանվում է սեւ ու սպիտակի: Մյուս կողմից` հայաստանյան խանութներում շատացել են եվրոպական, ամերիկյան ապրանքները: Դա առաջադիմություն է, բայց եթե գյուղացին իր կյանքը բարելավելու առիթ չունի, արդեն հուզիչ է, եւ այդ պարագայում դժվար է խոսել Հայաստանի առաջադիմության մասին:

– Ի դեպ, ԱՄՆ Կառավարությունում կա՞ն հանքատեր պաշտոնյաներ:

– Ես կարող եմ խոսել մեր նահանգի մասին: Կալիֆոռնիայում հանքատեր պաշտոնյա չկա: Ավելին`այն պաշտոնյաները, որոնց բարեկամները բաժնեմասեր ունեն այս կամ այն հանքում, բավական խիստ են վարվում նրանց հետ: Եթե օրենքի խախտումներ են լինում, նրանք կարող են նաեւ պատժել իրենց բարեկամներին: Ի վերջո, պաշտոնյաներն իրենք պետք է հարգեն օրենքը:

– Իսկ ինչպե՞ս փոխել Հայաստանի ներկան:

– Հայաստանն ունի հսկայական սփյուռք, որը միշտ պատրաստակամ է օգնել հայրենիքին: Պետք է օգտվել այդ առիթից: Ինչպես վերը նշեցի, երեխաները պետք է սկսեն օրենք սովորել: Այն պետք է դառնա մշակույթի մաս: Եթե ապրում ես քաղաքում, ապա պետք է հետաքրքրվես, թե ինչ ջուր ես խմում, որտեղից է գալիս այն, եւ այլն: Հայաստանցին պետք է ճանաչի Հայաստանը, եւ հետաքրքրվի դրա ներկայով: Ուրախալի է, որ այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր պաշտպանում են բնությունը եւ մտահոգ են այդ խնդիրներով, բայց այդ մասին պետք է մտածի նախեւառաջ Կառավարությունը:

– Ի դեպ, ԱՄՆ կառավարությունում հայեր շա՞տ կան:

– Այո, հատկապես վերջին 4 տարիների ընթացքում ԱՄՆ Կառավարությունում հայ աշխատակիցների թիվն աճել է` մասնավորապես Կալիֆոռնիայում, որտեղ բարձրաստիճան հայ պաշտոնյաներն աշխատում են ոչ միայն հայ համայնքի, այլեւ նահանգի համար:

– Ինքդ կգա՞ս Հայաստան աշխատելու:

– Մեծ հաճույքով… (ժպտում է.- Մ.Մ.):