Ռուսաստանը երկմտում է, իսկ Հայաստանը որոշել է

05/11/2005

Ռուսաստանն այսօր երկրի մասշտաբով խիստ կարեւոր հարց է հնչեցնում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցե՞լ, թե՞ ոչ: Երկրի ներսում տարաձայնություններն այս առնչությամբ գնալով թեժանում են: Աշխարհի հզորագույն երկրներից մեկը՝ Ռուսաստանը, կօգտվի՞ արդյոք խոշորագույն միջազգային տնտեսական կառույցին անդամակցելուց:

1993թ., երբ Ռուսաստանն ԱՀԿ-ին անդամակցելու ցանկություն հայտնեց, ըստ էության, երկրում շուկայական տնտեսություն գոյություն չուներ, տնտեսական խնդիրները կարգավորող օրենսդրական դաշտը սահմանված չէր, բացակայում էին միջազգային նորմերն ու սկզբունքները, իշխանություններն անում էին այն, ինչ ուզում էին: Այդ է պատճառը, որ մի շարք անդամ երկրներ նույնիսկ հիմա թերահավատորեն են նայում անդամակցության դեպքում Ռուսաստանի ստանձնած պարտականությունների կատարման հնարավորությանը:

Ինչո՞վ է ձեռնտու ԱՀԿ անդամակցությունը: Առաջին հերթին` առեւտրի ազատականացմամբ: Բայց չէ՞ որ ՌԴ-ն դա արել է դեռ 1990-ականների կեսերին՝ վերացնելով գրեթե բոլոր քվոտաները եւ մաքսային սակագների մեծ մասը սահմանելով 20%-ից ցածր: Այժմ երկրում հակառակ միտումներն են նկատվում՝ տեղական խոշոր արտադրողները կառավարությունից պահանջում են ակտիվացնել հովանավորչական քաղաքականությունը: Կառավարությունը հայտնվել է երկու քարերի արանքում՝ ԱՀԿ-ի եւ ներքին արտադրողի, ինչը բարդացնում է բանակցությունների գործընթացը:

Ռուսաստան-ԱՀԿ համագործակցության հակառակորդների հաջորդ հիմնավորումը գազն է: Բանն այն է, որ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը ՌԴ-ից պահանջում են գնային հավասարեցում, իսկ գազի արտահանմամբ աշխարհում առաջին տեղը գրավող երկրին այս քաղաքականությունը մեծ վնասներ կարող է հասցնել:

Գյուղատնտեսությունը հաջորդ ոլորտն է, որ դժվարացնում է Ռուսաստանի անդամակցությունը: Ոլորտի մեծ մասն այսօր դեռ մնում է պետության ձեռքին, իսկ վերջինս այդ ոլորտի ձեռնարկություններին գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար դոտացիաներ է տրամադրում: ԱՀԿ անդամ դառնալու համար կառավարությունը պետք է պարտավորվի ոլորտին իր աջակցությունը համաձայնեցնել ԱՀԿ գյուղատնտեսության համաձայնագրի հետ եւ վերացնել դոտացիաները:

Հայտնի է, որ ինչպես նախկին ԽՍՀՄ բոլոր երկրները, այնպես էլ` Ռուսաստանը անկախանալուց հետո տնտեսության ֆինանսական շուկաներ չի ժառանգել: Բացի այդ, շատ ծառայությունների տեսակներ նոր են առաջանում կամ առաջացել են վերջերս: Այդ պատճառով Ռուսաստանի ԱՀԿ «ընդդիմադիրները» տեղական ոլորտների զարգացման նպատակով պահանջում են մի շարք ծառայությունների գծով օտարերկրյա մրցակցության սահմանափակում: Նրանց կարծիքով` որոշ ոլորտներում պետական մենաշնորհն անհրաժեշտ է (իսկ կապի ոլորտում՝ նույնիսկ պարտադիր է):

Պետք է նշել, որ Ռուսաստանի անդամակցությունն ԱՀԿ-ին նաեւ քաղաքական ենթատեքստ ունի: Իհարկե, շատերն են համաձայն այն մտքի հետ, որ ապրանքների եւ որոշ ծառայությունների առեւտրի ազատականացումը կհանգեցնի երկրում գործարար մթնոլորտի բարելավմանն ու տնտեսական աճին (թեեւ հովանավորչական քաղաքականության կողմնակիցների կանխատեսումներով անդամակցելու դեպքում ՀՆԱ-ն կնվազի առնվազն 1%-ով), այնուամենայնիվ, չմոռանանք, որ Ռուսաստանը շատ ապրանքատեսակների գծով ունի մրցակցային առավելություններ, ինչպես, օրինակ, նավթն ու գազը: Արդեն հասկանալի է, թե ինչու Ռուսաստանին ձեռնտու չէ ուրիշի «դուդուկի տակ պարել»: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` չենք կարծում, որ ՌԴ-ում այս հարցն արագորեն կլուծվի:

Դա` Ռուսաստանում: Բայց մենք էլ հո Ռուսաստա՞ն չենք, մենք երկնիշ թվերով ենք զարգանում, ուստի նույն արագությամբ էլ պետք է որ անդամակցեինք ԱՀԿ-ին: Այս գործընթացը տարիներ տեւեց, եւ 2003թ. փետրվարի 5-ին Հայաստանը դարձավ ԱՀԿ լիիրավ անդամ: Ի՞նչ ենք շահել եւ ի՞նչ ենք շահելու այս անդամակցությունից, ինչո՞ւ հեշտությամբ «այո» ասացինք ԱՀԿ-ին, այն դեպքում, երբ մեր «քավոր» Ռուսաստանը տարիներ շարունակ երկմտում է:

Այս հարցերի շուրջ կարդացեք մեր հետագա համարներից մեկում: