Մահմուդը փոշմանել է

06/06/2011

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այցը Հայաստան հետաձգվել է: Ինչպես տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, այն հետաձգվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, եւ «կիրականացվի առավել հարմար ժամկետներում»: Հիշեցնենք, որ Ահմադինեջադը, ըստ նախապես հայտարարված ժամանակացույցի, Հայաստան պետք է ժամաներ երեկ: ՀՀ նախագահի հրավերով կատարելիք այցի օրակարգում էին երկկողմ տնտեսական գործակցությանը, մասնավորապես` էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր: Սա աննախադեպ եւ ըստ էության սկանդալային իրադարձություն է երկու երկրների հարաբերություններում, եթե հաշվի առնենք նաեւ իրանական կողմից հնչած պարզաբանումը այցի հետաձգման վերաբերյալ: Մասնավորապես Իրանի նախագահի աշխատակազմի Հաղորդակցությունների եւ տեղեկատվության տարածման բաժնի պետի տեղակալ Մոհամադ-Հասան Սալեհի-Մարամը երեկ հայտարարել է, որ Ահմադինեջադի այցը Երեւան հետաձգվել է, քանի որ «ընդունող կողմը չի հասցրել նախապատրաստել փաստաթղթերը, որոնք պետք է փոխանակվեին այցի ժամանակ»: Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե այս իրադարձությունն ինչպես կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների հետագա ընթացքի վրա: