Սառը պատերազմի ավարտից հետո Սեւծովյան տարածաշրջանն աստիճանաբար ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում աշխարհում։ Մանավանդ, սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո, այսպես կոչված, «Անվտանգության նոր մարտահրավերների» տեսանկյունից ազդեցություն ունեցող երկրները եւ իջազգային կազմակերպությունները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել այս տարածաշրջանի վրա, որի մասն է կազմում նաեւ Հայաստանը։
Եվ այսպես, ինչպես նշվեց, այս տարածաշրջանն անվտանգության առումով մեծ հետաքրքրություն է առաջ բերել, եւ դրա ազդեցությունն աստիճանաբար մեծանում է։ Ըստ արտասահմանյան տարբեր հետազոտողների, դա բացատրվում է մի քանի գործոններով.
1. Հետ սառը պատերազմյան «անվտանգության վակուում»
Սառը պատերազմի ավարտից հետո աշխարհաքաղաքական մեծ ուժերի ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ մի պահ թուլացավ։ Սա պայմանավորված էր հակամարտության նոր օջախների ի հայտ գալով (Բալկաններ, Աֆրիկա եւ Միջին Արեւելք), ինչպես նաեւ` ներքին խնդիրներով (օրինակ` Ռուսաստանը)։ Նորաստեղծ անկախ պետությունները պատրաստ չէին այսօրինակ ազատությանը, եւ պետական մարմինների գործունեության վակուումը լրացրին կրիմինալ եւ անջատողական ուժերը։
2. Ազգամիջյան կոնֆլիկտներ
ԽՍՀՄ փլուզումն առաջ բերեց հակամարտության նորանոր օջախներ՝ Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա եւ Հարավային Օսիա, Մերձդնեստր, Չեչնիա եւ այլն։ Սրանց ընդհանրությունն այն է, որ բոլորն էլ մնում են չլուծված, իսկ վերջնական խաղաղության հեռանկարները շատ աղոտ են։ Որտեղ հակամարտություն՝ այնտեղ վերահսկողության բացակայություն, իսկ որտեղ վերահսկողությունը թույլ է, այնտեղ պարարտ հող է ստեղծվում շահութաբեր կրիմինալ գործունեության համար։
3. Տարածաշրջանի տարանցիկ (տրանզիտային) բնույթը
Սառը պատերազմի ավարտից եւ սահմանային արգելքների վերանալուց հետո Սեւծովյան տարածաշրջանը նորից հայտնվեց ռազմավարական կարեւոր ուղիների խաչմերուկում։ Սրա դրական կողմերից բացի (առեւտրի, զբոսաշրջության եւ տրանսպորտային առումով), կա նաեւ բացասականը։ Այսինքն, տարածաշրջանը դարձավ նաեւ կրիմինալ առաջարկի եւ կրիմինալ պահանջարկի հանդիպման խաչմերուկ։ Իսկ սահմանների թույլ պաշտպանվածության պայմաններում ապօրինի միգրացիան, թմրամիջոցների, զենքի առեւտուրը դարձավ բիզնեսի ամենագայթակղիչ ոլորտներից մեկը։
4. Ժողովրդավարության թույլ մակարդակը
Թեեւ անկախություն ձեռք բերելուց ի վեր նախկին ԽՍՀՄ բոլոր երկրները հայտարարեցին ժողովրդավարության ուղիով ընթանալու իրենց մտադրության մասին, սակայն մինչ այժմ բոլոր երկրներում ժողովրդավարության մակարդակը հեռու է բավարար կոչվելուց։ Այս հանգամանքը՝ քայքայված տնտեսության, թույլ վերահսկողության, եկամուտների բեւեռացման խորացման եւ պետական աշխատողների ցածր եկամուտների հետ միասին, նպաստեց կոռուպցիայի արագ տարածմանը, ինչը պարարտ հող է կրիմինալ կառույցների ձեւավորման համար։
5. Զարգացող տնտեսություն
Նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրները տնտեսական ճգնաժամից հետո սկսեցին զարգանալ, իսկ զարգացման տեմպերը գնալով ավելի բարձրացան։ Մասնագետների գնահատմամբ, Սեւծովյան տարածաշրջանի երկրների համար տնտեսական զարգացումը հավասարապես դրական եւ բացասական հետեւանքներ ունեցավ։ Որքան մեծ են առեւտրի ծավալները, որքան խորացած են տնտեսական հարաբերությունները, այնքան հեշտ է դառնում ապօրինի գործունեությունը թաքցնելը։
Ահա այս գործոնների պատճառով եւ իր հետզհետե աճող դերակատարությամբ, ինչպես միջազգային քաղաքականության, այնպես էլ` հակաահաբեկչական պայքարի շրջանակներում, Սեւծովյան տարածաշրջանն իր վրա է հրավիրել միջազգային կառույցների (ՆԱՏՕ, Եվրամիություն, ԵԱՀԿ) եւ առանձին հզոր երկրների ուշադրությունը։ Իսկ ուշադրության կենտրոնում գտնվում են ահաբեկչության, թմրաբիզնեսի, զենքի առեւտրի, թրաֆիկինգի (մարդկանց առեւտուր) եւ ապօրինի միգրացիայի հարցերը։ Մեր թերթի հաջորդ համարներում ձեզ կներկայացնենք այս խնդիրներից յուրաքանչյուրի վերաբերյալ համառոտ վերլուծություն՝ հիմնված տարբեր աղբյուրների եւ հեղինակների նյութերի վրա։ Խնդիրները դիտարկելիս առանձնահատուկ տեղ կհատկացնենք Հայաստանին՝ ներկայացնելով, մասնավորապես, ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ այլ կառույցների գնահատականները։
շարունակելի